Հովիկ Աբրահամյան. Ես դեմ եմ, որ որևէ սահմանապահ գյուղ դատարկվի
05/07/2014 16:22

Հովիկ Աբրահամյան. Ես դեմ եմ, որ որևէ սահմանապահ գյուղ դատարկվի

«Ես դեմ եմ, որ որևէ սահմանապահ գյուղ դատարկվի: Եթե այստեղ քիչ է դպրոցականների թիվը, ուրեմն մենք պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնենք ու դպրոցը պաշտպանենք, եթե չկան աշխատատեղեր, պիտի բացենք, որ երիտասարդները չլքեն գյուղը: Չգիտեմ, ամեն ինչ պիտի անենք»: Այս մասին այսօր Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում ամփոփելով սահմանամերձ գյուղեր կատարած այցը ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Եղանք Մովսեսում, հիմա Վերին Կարմիրաղբյուրում ենք և այս գյուղերի մասին խոսելից ես ասում եմ «սահմանապահ», որովհետև այստեղ ապրող մարդիկ իրոք սահմանապահ են: Եթե մարդը քնում է մտածելով, որ գիշերը կարող են կրակել իր տան վրա, ուրեմն ինքն իրոք սահման է պահում»,-ասաց Հ. Աբրահամյանը՝ նշելով, որ մի շարք հարցերում ինքը լուրջ մտահոգություններ ունի, դրա համար պետք է իրականացվեն ծրագրեր:

«Կարող եմ ասել, որ գործ արվում է, բայց մենք նաև շատ անելիքներ ունենք, պարտավոր ենք այս սահմանամերձ գյուղեր ներկայանալ ամիսը գոնե մեկ անգամ՝ նախարարներն էլ, մարզպետներն էլ, վարչապետն էլ: Այստեղի մարդիկ իրոք համարձակ են, ովքեր ապրում են կրակի տակ: Մենք պիտի լինենք նրանց կողքին, պիտի անենք որոշակի ծրագրեր, որոնց ժամկետների հետ կապված վերադառնալուն պես կանցկացվի խորհրդակցություն ու կկազմվի ժամանակացույց: Այն ամենը, ինչ խոստացվել է անպայման կիրականացվի»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով որ կառավարությունը կփորձի նաև ծրագրեր անել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:
 
Նախորդող հրապարակում՝ Վարչապետը սահմանամերձ Մովսեսի գյուղացիներին խոստացավ կոմբայն նվիրել

Հովիկ Աբրահամյան. Ես դեմ եմ, որ որևէ սահմանապահ գյուղ դատարկվի