.jpg)
Վարչապետը սահմանամերձ Մովսեսի գյուղացիներին խոստացավ կոմբայն նվիրել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Կառավարության անդամներն այցելել են սահմանամերձ Մովսես գյուղ, որտեղ վարչապետին դիմավորեցին գյուղապետ Արարատ Ավալյանը և գյուղացիները:
Հ. Աբրահամյանի հետ զրույցում գյուղացիները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, սակայն նրանց առաջնահերթ անհանգստացնող հարցը սահմանային կրակոցներն էին:
Գյուղացիները նշեցին, որ տարիների ընթացքում իրենց ապագան ապահովելու համար բանկերում փող են կուտակել, բայց այդպես էլ կորցրել են ավանդները:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ հիմա ավանդների վերադարձման գործընթաց տեղի է ունենում, կհասնի նաև նրանց հերթը:
«Մինչև մեր հերթը հասնի, կարող ա մեռնենք»,- կատակով հակադարձեցին գյուղացիները. «Ձեր պահանջը հասկանալի է, կարվի ամեն բան, որ սահմանամերձ բնակավայրների բնակիչներերի ավանդներն ավելի արագ վերադարձվեն»,- խոստացավ վարչապետը:
Գյուղացիները Հ. Աբրահամյանին դիմեցին նաև ոռոգման և խմելու ջրագծի ցանցը վերանորոգելու խնդրանքով: Ինչին ի պատասխան ևս վարչապետը խոստացավ մարզպետի միջնորդությամբ լուծել հարցը:
Բացի այդ` գյուղացիները բարձրացրեցին նաև Մովեսի այն ուսանողների հարցը, որոնք սովորում են բուհերում, ունեն բարձր առաջադիմութուն, բայց չեն օգտվում արտոնություններից: Այս հարցին ևս նա խոստացավ օժանդակել:
Մովեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ գյուղը չունի կոմբայն. «Եթե կոմբայն լիներ, գյուղատնտեսական աշխատանքները բավականին կհեշտանային, հատկապես, որ շուտով բերքահավաքի ժամանակն է»:
«Ուրեմն կլինի»,- հերթական խոստումը տվեց Հովիկ Աբրահամյանը: