Հիվանդասենյակում հիշեցինք Մհեր Մկրտչյանին. «Նա իմ եղբայրն էր»
05/07/2014 17:36

Հիվանդասենյակում հիշեցինք Մհեր Մկրտչյանին. «Նա իմ եղբայրն էր»

Հուլիսի 4-ին մեծանուն դերասան Մհեր Մկչտչյանը կդառնար 84 տարեկան: Երեկ էլ, ողջ օրը լեցուն էր Մհեր Մկրտչյանի հիշողություններով:

Եվ շատ պատահաբար հիվանդանոցներից մեկում հանդիպում եմ դերասանի վաղեմի ընկերոջն ու լավ բարեկամին՝ Միսակ Չրաղյանին, ով դեռ երիտասարդ տարիներից մտերիմ հարաբերություններ է ունեցել Մհեր Մկրտչյանի հետ:

Զրուցեցինք, հիշեցինք մեր լավ Ֆրունզին…

Չրաղյանը պատմեց, որ Ֆրունզին ճանաչել է դեռ թատերական ինստիտուտից: «Միասին էինք աշխատում: Ինքը դասախոս էր, ես՝ ադմինիստրատոր: Եվ այդպես մտերմացանք ու մտերմացանք: Երեք ընկեր էինք՝ ես, Ֆրունզը ու Շերենցը… Հիանալի մարդ էր, լավ ընկեր: Շատ լավ հիշողություններ ունեմ նրա հետ կապված: Միասին շատ ենք ժամանակ անցկացրել, «Մեռնեմ բոյիդ» խմել, ուրախացել ու տխրել»,- հիշեց նա և հուզվեց. «Վայ, Ֆրունզ, Ֆրունզ…. ինչ լավ մարդ էր»…

-Կպատմե՞ք նրա մասին մի քանի լավ հիշողություններ:
Ու նա սկսեց…

 * * *
-Հիվանդանոց էր պառկում, զանգում ասում էի` ի՞նչ բերեմ:
-Է. չգիտես, ի՞նչ պետք ա բերես… Շամամյանի դպրոցի մոտ վաճառվող տաք-տաք պեռաշկուց, երկու հատ էլ «Մեռնեմ բոյիդ» օղի:

 * * *
1973 թվականին՝ Բավարիայի հետ խաղի օրը, որն անցկացվեց Հայաստանում, ես, Ֆրունզը և Շերենցը խմած գնացինք ֆուտբոլ: Քեֆներս լավ, ոտքով իջնում էինք իրանց տանից՝ Ձկան Խանութի մոտով:
Անցորդ երեխաները սկսեցին ձեռք բարձրացնել ու ասել.
-Ձյաձյա, մի բան հարցնեմ, ձյաձյա ինչ կլինի, մի բան հարցնեմ էլի… Ձյաձյա, դու Դմբուզ Արսենն ես՞…

* * *
Մի օր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ներկայացման էինք գնացել, բայց Ֆրունզը մի քիչ ուշացավ: Մնացել էր Երևանում: Զանգեցի, որ գար, չպատասխանեց: Երկրորդ անգամ զանգեցի՝ չպատասխանեց: Երրորդ անգամ պատասխանեցին, որ արդեն եկել է, ճանապարհին է: Իմացա, որ Դալար գյուղի կոլխոզի նախագահի մոտ է նստած: Զանգեցի Դալար գյուղի կոլխոզի նախագահին, էլի չպատասխանեց: Իսկ ներկայացմանը մնացել էր ընդամենը 15 րոպե…

-Ֆրունզ ջան, ժամանակ չի մնացել, ե՞րբ կգաս…
-Դու խաղա, ես գալիս եմ…
- Ֆրունզ, ես դերասան չեմ, ոչ էլ թատերական կրթություն ունեմ:
-Մոտեցիր Սերգեյ Դմիտրիչին և ասա, որ չեմ գալու…

Որ տեսա ուշանում է, մոտեցա ցուցադրության բաժնի վարիչին ու պատմեցի ինչ եղել էր: Դալլաքյանը Ֆրունզին լավ իմանալով հանդերձ՝ ասաց, որ ես խաղամ: «Բայց ես չեմ կարող, մայրս և մորաքույրս առաջին շարքում են նստած»,- ասացի, բայց՝ խաղացի:

Հաջորդ օրը ես, Մետաքսյա Սիմոնյանը, Ֆրունզը և մի քանի այլ դերասաններ թատրոնում նստած էինք, մեկ էլ ինչ նկատենք… Հայտարարության վրա գրված էր. «Արտաշատում ներկայացված «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը տապալելու համար գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին տալ խիստ նկատողություն, իսկ նրա փոխարինող Միսակ Չրաղյանին՝ հիանալի խաղի համար, մեկ ուղեգիր դեպի Մոսկվա:

Ֆրունզը մի քիչ նեղացավ, բայց Արուս Գուլանյանի հետ մեխակներ գնեցինք և գնացինք նրա տուն և բարիշեցինք. հա՝ «Մեռնեմ բոյիդ» խմեցինք….

* * *
Մի օր էլ` ես, Ֆրունզը, Շերենցը և Գայանե ունիվերմագի կոշիկի բաժնի վարիչ Պողոսը սրճարանում նստած խմում էինք: Մեկ էլ զանգեցինք, իմանանք, որ Դոնարան տղա է ունեցել:
-Ֆրունզ, տղա ես ունեցել, աչքդ լույս: Տղա ես ունեցել, տղադ էլ նկարիչ է դառնալու…
-Սեդան, ասա՞ց...
-Չէ, ես եմ ասում: Այսօր մահացել է Մարտիրոս Սարյանը, իսկ քո տղան ծնվել է: Իրոք տղան նկարիչ դարձավ:
 

Հ. Գ. Չրաղյանն առհասարակ ապրում է Նորքի տուն-ինտերնատում, բայց այս օրերին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նա ունի երեք զավակ՝ երկու որդի և մեկ դուստր, ովքեր այսօր նրա կողքին չեն: Ճակատագրի հեգնանքով նա հայտնվել է տուն-ինտերնատում, բայց ժամանակին նստել ու վեր է կացել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսին Արուս Գուլանյանն էր, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանն ու այլ տաղանդավոր մարդիկ... Իսկ Ֆրունզին հատուկ է հիշում և հուզվում. «Նա իմ եղբայրն էր»:

Հիվանդասենյակում հիշեցինք Մհեր Մկրտչյանին. «Նա իմ եղբայրն էր»