.jpg)
22-ամյա երիտասարդը երկու տարի է չի քայլում. Նրան օգնություն է պետք
22-ամյա Ռազմիկ Պետրոսյանն արդեն երկու տարի է, ինչ չի քայլում:

2012 թվականին, Սևանում հանգստանալու ժամանակ, Ռազմիկը գլխիվայր ջուրն է նետվել նավ-հեծանիվից ու կոտրել պարանոցը: Դեպքից հետո անշարժացել են նրա ձեռքերն ու ոտքերը: Մինչ դեպքը Ռազմիկը նկարահանվել է սերիալներում: Դեպքից ընդամենը երկու շաբաթ հետո նա պետք է ուսաներ Թատերական ինստիտուտում: Այս երկու տարիների ընթացքում, Ռազմիկի խոսքով, ընդամենը մի քանի անգամ է տանից դուրս եկել:
«Աստվածաշունչ եմ կարդում, երգ եմ լսում, ընկերներից հետո եմ շփվում ու այդ ամենը սենյակումս նստած՝ համակարգչի միջոցով»,- մեզ հետ զրույցում ասաց Ռազմիկը:
Aysor.am-ի հետ զրույցում Ռազմիկը պատմեց, որ այս երկու տարվա ընթացքում երեք անգամ բուժվել է Կարմիր խաչում: Վերջին անգամ այստեղ եղել է մեկ ամիս առաջ՝ ֆիզիոթերապիա է անցել: Նաև վիրահատության է ենթարկվել:
Ռազմիկը ցանկանում է բուժման մեկնել Գերմանիա: Գերմանիայում ևս ֆիզիոթերապիա է անցնելու, հնարավոր է նաև վիրահատվի:
Նրա խոսքով՝ շանսերը մեծ են. Բուժումն անցնելուց հետո Ռազմիկի ոտքերը կշարժվեն 70-80 տոկոսով:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդիկ Վարոսյանը, ով նախորդ տարի վիրահատել է Ռազմիկի պարանոցը, մեզ հետ զրույցում ասաց, որ ողնուղեղը սեղմված է եղել, վիրահատության ժամանակ վերացրել են սեղմումն ու ամրացրել.
«Ոչ ոք չի կարող ասել կքայլի նա, թե ոչ, քանի որ վիրահատությունից քիչ ժամանակ է անցել»:
Հարցին՝ արդյոք բուժումը հնարավո՞ր է դրսում՝ բժիշկը պատասխանեց, որ, օրինակ Գերմանիայում, ուր ցանկանում է գնալ Ռազմիկը, լավ վերականգնողական բուժում են անցկացնում, բայց 100 տոկոսով ոչ ոք չի կարող երաշխավորել օգուտ կլինի, թե ոչ:
Բուժումը սկսելու համար անհրաժեշտ է 10 հազար եվրո: Ռազմիկը դիմում է բոլոր մարդկանց՝ իրեն օգնելու խնդրանքով:

Փոխանցումները կարող եք կատարել Ardshininvestbank-ի հետևյալ հաշվեհամարներին.
2475906128800000 AMD
2475906128800010 ERU
2475906128800020 RUR
2475906128800030 USD
Հաշվեհամարները Պետրոսյան Գառնիկի անունով են... Հեռ. 093 94 05 93 (Ռազմիկ)