.jpg)
ՄԱԿ. Իրաքում իսլամիստները իրենց շարքերը համալրում են երեխաներով
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկները իրենց շարքերը համալրում են 8 տարին չբոլորած երեխաներով:
Itar-tass-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ երեխաները կռվում են իսլամիստների համար և ստանում են 200 դոլար աշխատավարձ:
Երեխաները զինվորական և գաղափարական պատրաստություն են անցնում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ռազմական ճամբարներում և պատրաստվում են դառնալ ջիհադի մարտիկներ:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ Սիրիայում նույնպես իսլամիստական կազմակերպությունները, այդ թվում «Սիրիայի ազատ բանակը» և «Ջաբհատ ան-Նուսրան» իրենց շարքերը համալրում են երեխաների հաշվին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ Սիրիան աշխարհում երեխաների համար ամենավտանգավոր տեղերից մեկն է:
Սիրիայում կառավարական ուժերի և իսլամիտների միջև 2011թ.-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 10.000 երեխա: