.jpg)
Քրդական անկախության տեսլականը բախվում է քաղաքական ուժերի հակազդեցությանը
Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության նախագահ Մասուդ Բարզանիի հնչեցրած անկախության մասին հայտարարությունը թե՛ Իրաքում և թե՛ Թուրքիայում լուրջ տարաձայնություններ է ի հայտ բերել հենց քրդական քաղաքական ուժերի միջև:
Մասնավորապես նույն կառավարության փոխնախագահ Քոսրաթ Ռասուլ Ալին երեկ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը հայտարարել է, որ եթե քաղաքական իրավիճակը չի հասունացել, քրդերը դեռևս տարիներ պետք է սպասեն մինչ անկախության հասնելը: Բանն այն է, որ ի տարբերություն «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» («ՔԺԿ») առաջնորդ Մ. Բարզանիի, վերջինիս փոխնախագահը ներկայացնում է «Քրդստանի հայրենասիրական միություն» («ՔՀՄ») կուսակցությունը, որը դատելով իր ներկայացուցիչների նաև այլ հայտարարություններից, ներկայում կողմնակից չէ անկախության հռչակման:
Սակայն անամպ երկնքում որոտի էր նման հատկապես «Քրդստանի բանվորական կուսակցության» («ՔԲԿ») արձագանքը, որի տեսակետներն արտահայտող «Օզգյուր Գյունդեմ» օրաթերթը և «Ֆրաթ» գործակալությունն ուղղակի մեղադրանք էին հնչեցրել Մ. Բարզանիի հասցեին՝ առ այն, որ նրա ներկայացուցիչը Մոսուլը գրավելու վերաբերյալ Հորդանանի մայրաքաղաքում նախօրոք պայմանավորվածություններ էր ձեռք բերել Իրաքի սուննիական խմբավորումների՝ այդ թվում նաև «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:
Երեկ հրապարակված «ՔԺԿ»-ի պաշտոնական պատասխանը չափազանց խիստ էր և պարունակում էր մեղադրական շեշտադրումներ թե՛ «ՔԲԿ»-ի և թե՛ դրա ղեկավար Ջեմիլ Բայըքի վերաբերյալ, ըստ որոնց՝ վերջիններս Մ. Բարզանիի և «ՔԺԿ»-ի դեմ հատուկ ծառայությունների ծրագրերի մաս են դարձել և հրահանգներ են ստանում օտարերկրյա ուժերից:
Այսպիսով` արդեն իսկ կարելի է փաստել, որ, ինչպես և կանխատեսվում էր, քրդական անկախության շատ հաճախ վարդագույն երանգներով ներկայացվող տեսլականը, հերթական անգամ նախևառաջ բախվում է տարբեր շահեր հետապնդող քրդական քաղաքական ուժերի կողմից ստեղծվող «ստորջրյա խութերին», որոնցից խուսանավելու առայժմ ունակ չէ նույնիսկ այնպիսի ազդեցիկ և փորձառու քուրդ առաջնորդը, ինչպիսին է նախագահ Մ. Բարզանին: