Իրաքի կազմաքանդումը էթնիկ-կրոնական սահմաններով կապակայունացնի Իրանը
07/07/2014 20:50

Իրաքի կազմաքանդումը էթնիկ-կրոնական սահմաններով կապակայունացնի Իրանը

Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանը երբեք թույլ չի տա Իրաքի կազմաքանդումը, իսկ այդ երկրում անջատողականության և ահաբեկչական շարժումների ակտիվացումը կարող է իրենց ազդեցությունը թողնել նաև Իրանի վրա:

Իրավիճակը Իրաքում շարունակում է լարված մնալ և կառավարական ուժերի ու իսլամիստների միջև ռազմական գործողությունները նոր թափ են ստանում:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:

«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:

Իսլամիստները ցանկանում են օգտագործել բնակչության դժգոհությունը և հակաշիական տրամադրությունները Իրաքում իսլամական կարգեր հաստատելու համար: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» սունիական կազմակերպություն է, որի նպատակն է Իրաքում և Սիրիայում հաստատել իսլամական կարգեր:

Օրերս Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում սուննի-ջիհադականները կոտրել և պղծել են շիական սրբատեղիները և 7 շիական մզկիթները: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» կայքէջում տեղադրվել են պղծված մզկիթների լուսանկարները:

Իրանը մտահոգված է հարևան Իրաքում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են Իրանին սահմանակից հարավային և հարավ-արևելյան շրջաններում:

Բացի այդ, Իրանում նույնպես ակտիվ են անջատողական շարժումները, այդ թվում Իրանական Քուրդիստանում, Հյուսիսային Իրանում, որտեղ մեծամասնություն է կազմում թյուրքախոս բնակչությունը, ինչպես նաև Իրանի արաբներով բնակեցված Խուզիստանի շրջանում:

Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են դոմինոյի էֆեկտով տարածվել Իրանում և ապակայունացնել այդ երկիրը, ինչի մեջ շահագրգռված է նաև Իրանի տարածաշրջանային թիվ մեկ հակառակորդ՝ Իսրայելը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքելով Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին իր աջակցությունն էր հայտնել Իրաքի Քուրդիստանի անկախությանը: Իրաքի Քուրդիստանը, որն այսօրվա դրությամբ լայն ինքնավարություն ունի, տիրապետում է նավթային մեծ պաշարներին և սեփական մարտունակ զինված ուժերին, ցանկանում է լիովին անկախանալ Իրաքից: Օրերս Իրաքի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքի կազմաքանդումը անխուսափելի է, իսկ Իրաքի Քուրդիստանը ունի անկախանալու իրավունք:

Իրաքի կենտրոնական իշխանությունները պայքարում են իսլամիստների դեմ և Բաղդադի իշխանությունները, որտեղ հիմնական դերակատարումը ունեն շիաները, չեն ցանկանում զիջել դիրքերը իսլամիստների և միջազգային հանրության ճնշման տակ, մասնավորապես, ԱՄՆ-ի, որի պետքարտուղար Ջոն Քերին ժամանելով Բաղդադ պահանջել էր Իրաքում ձևավորել կայն կոալիցիոն կառավարություն, որի մեջ կմտնեն Իրաքի բոլոր էթնիկ խմբերը:

Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել երրորդ անգամ վարչապետի պաշտոնը ստանալու մտադրությունից: Նշենք, որ Իրաքում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել ալ-Մալիքիի կոալիցիան:

Իրանը նույնպես շահագրգռված չէ շիական կառավարության հրաժարականով, քանի որ դա իր հերթին կհանգեցնի սունիների դիրքերի ամրապնդմանը, ինչը հնարավորություն կտա իսլամիստներին շարունակել իրենց հիմնական թիրախը հանդիսացող շիաների հետապնդումները:

Այսպիսով, Իրաքի կազմաքանդումը կամ իսլամիստների իշխանության գալը կարող է ապակայունացնել իրավիճակը Իրանում և ակտիվացնել այդ երկրում անջատողական շարժումները:

Տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք ուժեր ցանկանում են Իրանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ իսլամիստների դեմ՝ Իրաքի տարածքում, ինչը կհանգեցնի սունի-շիա նոր հակամարտության աճին ողջ Մերձավոր Արևելքում, իսկ Իրանին կմեղադրեն հարևան երկիր ներխուժելու մեջ:

Իրաքի կազմաքանդումը էթնիկ-կրոնական սահմաններով կապակայունացնի Իրանը