.jpg)
Ալի Խամենեի. Արևմուտքի առաջ քաշած միջուկային խնդիրը միայն պատրվակ է
Ես վստահում եմ Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը: Այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը, անդրադառնալով այս օրերին Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Ես վստահում եմ Իրանի միջուկային հարցով բանակցող իրանական պատվիրակությանը և վստահ եմ, որ նրանք համաձայն չեն լինի որևէ քայլի հետ, որը կվնասի երկրի և Իրանի ժողովրդին և թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա»:
Այաթոլլահ Ալի Խամենեին, անդրադառնալով միջուկային ծրագրի հարցում Արևմուտքի հայտնած մտահոգություններին, հավելել է. «Միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա մի կեղծ պատրվակներ ի հայտ կգային, օրինակ մարդու իրավունքները, իրանցի կանանց իրավունքները և այլն»:
Նշենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. Անցած օրերի ընթացքում Իրանի և «5+1խմբի» անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը քննարկում են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ առկա տարաձայնություններին առնչվող հարցեր:
Իրանի և «5+1 խմբի բանակցությունները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը:
Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի կատարման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին:
Հավելենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իսրայելական «Հաարեց» պարբերականում թողարկած հոդվածում, անդրադառնալով հուլիսի 20-ին Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային հարցում կայանալիք հնարավոր համաձայնությանը, մասնավորապես նշել է. «Իրանի հետ ընթացող 6-ամսյա բանակցություններն արդեն ավարտին են մոտենում, դեռևս չգիտենք, արդյո՞ք այդ բանակցությունները հաջողություն կունենան, թե ոչ: Մեր աշխատանքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Մենք վճռական ենք Իրանին հետ պահել միջուկային զենք ձեռք բերելուց, և այդ նպատակին հասնելու համար սեղանի վրա բոլոր տարբերակներն էլ դեռ դրված են»:
Իսկ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ալեն Էյրն իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Համատեղ գործողությունների ծրագիրը» ևս 6 ամսով երկարաձգվի, ամերիկացի պաշտոնյան, պատասխանել է. «Մենք ժամկետների երկարաձգման մասին չենք մտածում, միայն կենտրոնացած ենք հուլիսի 20-ին ձեռք բերվելիք համաձայնության վրա»: