.jpg)
Մանչինի. «Բալոտելլիին կօգնի ամուսնությունը»
«Մանչեսթեր Սիթիի» և «Գալաթասարայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է, որ Մարիո Բալոտելլիի համար դեռ ամեն ինչ կորսված չէ: Տաղանդաշատ հարձակվողը ձախողվեց աշխարհի առաջնությունում, որից հետո գրեթե բոլորը քննադատեցին նրան: Այդուհանդերձ, Մանչինին հավատում է, որ Մարիոյի վրա չի կարելի խաչ քաշել:
«Նա լավ տղա է: Բարի հոգի ունի, և ես նրան սիրում եմ դրա համար: Մարիոն, սակայն, պետք է հասկանա, որ ժամանակն անցնում է, ու 24 տարեկանում չի կարելի ամուրի ապրել,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Corriere dello Sport»-ը:- Ավելին` ազգային թիմի ձախողման պատասխանատուն նա չէ: Բացի այդ, երկու տարի առաջ հենց նա մեր թիմին դուրս բերեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Բալոտելլին գերազանց ֆուտբոլիստ է: Այո, նա որոշ սխալներ գործեց, սակայն դա ցանկացածի հետ կարող է պատահել: Նա պետք է հասկանա, որ անհրաժեշտ է առավելագույնս նվիրված աշխատել, լինել կենտրոնացած, վարել առողջ ապրելակերպ: Դրան կօգնի ամուսնությունը»: