«Շատ եմ ուզում, որ ապագա երեխայիս հետ ընկերներ լինենք». Քեթրին Մանասյան
08/07/2014 19:19

«Շատ եմ ուզում, որ ապագա երեխայիս հետ ընկերներ լինենք». Քեթրին Մանասյան

Հայտնի է, որ դերասանուհի, երգչուհի Քեթրին Մանասյանը և ամուսինը՝ սիրիահայ Ջորջ Բեդուրյանը սպասում են իրենց առաջնեկին: Փոքրիկը լույս աշխարհ կգա սեպտեմբերի վերջին: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է իր ներկայիս զգացողությունների, ստեղծագործական դադարի ու ապագա ծրագրերի մասին:

-Առաջնեկի ծնունդից հետո որքա՞ն ժամանակ եք պատրաստվում ստեղծագործական դադար վերցնել:

-Հիմա ես ֆիզարձակուրդի մեջ եմ, այս ընթացքում մի քանի ներկայացումներում խաղացի, որոնց դեպքում առանձնապես ֆիզիկական ակտիվություն չէր պահանջվում: Չգիտեմ՝ երեխայի ծնունդից որքան ժամանակ հետո կանցնեմ աշխատանքի, բայց, կարծում եմ, դադարը երկարատև չի լինի, քանի որ շատ եմ կարոտել թատրոնը: Հույս ունեմ՝ հանդիսատեսը կների ինձ այս լռության համար: Երբ այցելում եմ թատրոն, մարդիկ կան, ովքեր ասում են, որ որոշ ներկայացումներ հենց իմ մասնակցությամբ են սիրում դիտել. շատ եմ շոյվում նման գնահատականից:

-Ձեզ համար բալիկի սեռն էակա՞ն է:

-Ոչ, սեռը կարևոր չէ, երբևէ նման խտրականություն չեմ դրել:

-Արդեն զգու՞մ եք մայրության բերկրանքը, ինչպե՞ս այն կնկարագրեք:

-Մինչև հիմա հավատացել եմ բոլոր մայրիկների նկարագրություններին, հիմա ասել, որ լիարժեք մայրության զգացողություն ունեմ՝ սուտ կլինի. կինը պետք է երկունք ապրի, որ նոր զգա դա:

-Ապագա բալիկի համար շորեր, խաղալիքներ արդեն գնե՞լ եք:

-Դրանով ավելի շատ զբաղվում է քույրս, ով ավելի է ոգևորված բալիկիս ծնունդով, քան ես և ամուսինս (ծիծաղում է): Ամուսնուս ծնողները ևս ոգևորված են և ինչ-որ բաներ են գնել:

 

-Հիմա ինչո՞վ է հագեցած ձեր առօրյան:

-Նախկինում, երբ շատ զբաղված էի, ափսոսում էի, որ չեմ հասցնում ներկայանալ մի շարք միջոցառումների, ներկայացումների: Հիմա, երբ բավական ժամանակ ունեմ, դրա հնարավորությունը կա: Ցավով պետք է արձանագրեմ, որ ինքս, ջատագով լինելով լավ աշխատանքին, քիչ առիթ ունեցա ոգևորվելու և տպավորվելու, նույնիսկ մի քանի անգամ, լինելով լավ հանդիսատես, վրդովված դուրս եմ եկել դահլիճից: Լավ ներկայացումներ էլ դիտեցի, բայց դրանք քիչ էին:

-Կա՞ մի նախագիծ, որում երեխայի ծնունդից հետո պատրաստվում եք ընդգրկվել:

-Մինչև ֆիզարձակուրդի անցնելը կար հումորային մի նախագիծ, որի շրջանակներում փոքրիկ ֆիլմեր էին նկարահանվում, առաջինում ես ևս հասցրեցի հանդես գալ: Հետո արդեն, հասկանալի պատճառով, դադարեցրեցի մասնակցությունս այդ նկարահանումներին:

-Շարունակեք միտքս. «Ամուսնությունից հետո դերասանուհին դառնում է ավելի...»:

-Անհամբեր երևույթների նկատմամբ:

 

-Ի՞նչ կուզենաք առաջինը փոխանցել ձեր առաջնեկին:

-Շատ եմ ուզում, որ ապագա երեխայիս հետ ընկերներ լինենք, այլ ոչ թե նրա նկատմամբ իշխանություն ցույց տանք: Դա կնպաստի, որ իր մոտ ինքնուրույնություն ձևավորվի:

-Այս պահին ինչի՞ մասին եք երազում:

-Ամեն միտք, էմոցիա կապված է ապագա փոքրիկիս հետ, ամենալավը, ինչ ունենամ, կուզենամ իր համար լինի:  

 

«Շատ եմ ուզում, որ ապագա երեխայիս հետ ընկերներ լինենք». Քեթրին Մանասյան