09/07/2014 14:32
«Վերնիսաժի» գործ. «Իմ պաշտպանյալին կալանավորել են կիսակենդան վիճակում»
«Վերնիսաժում» կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանավորել են կիսակենդան վիճակում և անտեսելով մի շարք խախտումները՝ գործը քննում են ակնհայտ շտապողականությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Լ. Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ կա նաև բժշկից տեղեկանք, որ տվյալ պահին քննչական գործողոթյունները նպատակահարմար է հետաձգել:
«Վալերի Հովհանիսյանն ի վիճակի չէ քայլելու, նրա աղիքը կողքից բաց վիճակում է գտնվում, չի գիտակցում, թե ինչ գործողություն պետք է անի, սակայն նրան պատգարակի վրա տանում են դատարան, որտեղ քննվում է կիսագիտակից վիճակում գտնվող մարդու վերաբերյալ գործը: Եվ կայացվում է որոշում, որ նա պետք է կալանավորվի, քանի որ կարող է խանգարել քննությանը»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, դրանից հետո իր պաշտպանյալին տեղափոխել են մեկուսարան, սակայն այնտեղ նրան չեն ընդունել և տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:
Հարցին՝ իր կարծիքով, ի՞նչն է նման շտապողականության պատճառը, փաստաբանը ասաց, որ սա աղաղակող հանգամանք է համարում:
«Վալերի Հովհաննիսյանին փորձում են մեկուսացնել, որ գործն իրենց ուզած ձևով շարունակեն»,-ասաց նա:
Լ. Բաղդասարյանը ասաց, որ պատրաստվում է Վերանքնիչ բողոք ներկայացնել և անհրաժեշտության դեպքում հասնելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժի» կրակոցների գործով կա 3-րդ ձերբակալվածը