.jpg)
Ուիլիամ Հեյգ. Իրանի և «5+1 խմբի» միջև դեռևս լուրջ տարաձայնություններ կան
«Իրանի և «5+1 խմբի» միջև դեռևս լուրջ տարաձայնություններ կան»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլիամ Հեյգը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը, ավստրիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, անդրադառնալով հուլիսի 20-ին Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնություն ձեռք բերվելու հավանականությանը, նշել է, որ միջուկային խնդրի հարցում դեռևս լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն: Վերջնական համաձայնության հասնելու վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա, սակայն մինչև բանակցությունների վերջին օրը պետք է ընձեռված բոլոր հնարավորությունների շուրջ քննարկումներ անցկացնել»:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քիչ առաջ ավարտվել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ առկա տարաձայնություններին առնչվող հարցեր:
Նախատեսվում է, որ առաջիկայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ փոխնախարարների և Քեթրին Էշթոնի տեղակալների մասնակցությամբ:
Բացի այդ, նախատեսվում է, որ այս շաբաթվա վերջում Վիեննա կմեկնեն նաև «5+1 խմբի» անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները, որոնք պետք է ծանոթանան բանակցությունների այս շրջափուլի արդյունքներին:
Հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետն ավարտվում է հուլիսի 20-ին:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝ Իրանը միջուկային խնդրի հարցում այլևս չի պատրաստվում գնալ որևէ զիջման