Դ. Աֆենտուլի. ՆԱՏՕ-ն շատ արդյունավետ երկխոսություն է ծավալել Հայաստանի հետ
10/07/2014 15:07

Դ. Աֆենտուլի. ՆԱՏՕ-ն շատ արդյունավետ երկխոսություն է ծավալել Հայաստանի հետ

«Անվտանգության նոր մարտահրավերները չեն սահմանափակվում որևէ տարածաշրջանով, այլ ընդգրկում են աշխարհի տարբեր հատվածները: Մեր օրերում անվտանգության հետ կապված մարտահրավերները մեր առջև դնում են նոր խնդիրներ և մենք կարևորում ենք այսպիսի քննարկումների անկացումը»,-այսօր «Անվտանգության նոր մարտահրավերները և ՆԱՏՕ-ն» համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Նա նշեց, որ այսօր գերխնդիր է դառնում չդադարեցնել երկխոսությունը և քննարկման միջոցով հասնել այն ընդհանուր հայտարարի, որը թույլ կտա միասնական արժեհամակարգի հիման վրա ստեղծել անվտանգության նոր համակարգ:

Նրա խոսքով՝ Հայաստանը ընդգրկված է եղել ՆԱՏՕ-ի առաջ քաշած համագործակծության բոլոր ձևաչափերում:

«Անհատական գործողությունների ծրագիրը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև սկսել է գործել սկսած 2006թ.-ից: Վերջերս էլ Հայաստանը և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել թվով չորրորդ համագործակցության ծրագրի շուրջ՝ մոտակա երկու տարիների համար»,-նշեց Ս.Մկրտչյանը:

Իր հերթին, ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին նշեց, որ այսօրվա համաժողովը լավ առիթ է բարեկամական միջավայրում քննարկել անվտանգության հետ կապված խնդիրները:

«Միջազգային անվտանգությունը վերաբերվում է ոչ թե մի ինչ-որ կոնկրետ կազմակերպության, այլ ամբողջ աշխարհին»,- նշեց Դ. Աֆենտուլին:

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ շատ արդյունավետ համագործակցություն է ծավալել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:

«Այսօր Ռուսաստանի գործունեությունը իսկական սպառնալիք է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը և ներքին գործերին միջամտելու տեսանկյունից: Ռուսաստանը ՆԱՏՕ-ին դիտարկում է որպես հակառակորդ և առճակատման է գնում դաշինքի հետ»,- նշեց Դ. Աֆենտուլին:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հիմնական հենասյուներից մեկը անվտանգության պահպանումն է, իսկ դաշինքի դռները բաց են այլ երկրների համար:

«Մենք կազմում ենք ամենամեծ դաշինքը աշխարհում, որն իր մեջ է ներառում տարբեր մայրցամաքների երկրներին»,- նշեց Դ.Աֆենտուլին:

Դ.Աֆենտուլին անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը նշեց, որ բաց դռների քաղաքականությունը ՆԱՏՕ-ի քաղաքականության մշտական բաղադրիչներից մեկն է և այն ընդգրկված է դաշինքի ռազմավարական փաստաթղթերում:

«Եվրոպական այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել դաշինքին, կարող են խնդրել անդամակցելու հարցով: Տվյալ երկիրը, սակայն, պետք է բավարարի ՆԱՏՕ-ի պահանջներին»,- նշեց Դ.Աֆենտուլին:

Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի և Հայաստանի հարաբերությունները կառուցվել են փոխադարձ հարգանքի վրա և դաշինքը լավ երկխոսության մեջ է Երևանի հետ:

«Հայկական զորքերը մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին և մենք շատ շնորհակալ ենք Հայաստանի այս դերակատարության համար»,- հավելեց Դ.Աֆենտուիլին: 

Նախորդող հրապարակում՝ Սամվել Մկրտչյան. ՆԱՏՕ-ն քողարկված մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին

Դ. Աֆենտուլի. ՆԱՏՕ-ն շատ արդյունավետ երկխոսություն է ծավալել Հայաստանի հետ