.jpg)
Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին 11-րդ տեղը
Ֆրանսիայի Հանրապետության Լևալուա քաղաքում հունիսի 29-ին մեկնարկած սպորտային ակրոբատիկայի աշխարհի առաջնությանը, որն ընթանում է տարբեր տարիքային խմբերի միջև, մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջնությունը դեռ կշարունակվի մինչև հուլիսի 12-ը, սակայն մեր մարզիկներն արդեն ավարտել են մրցելույթները և վերադարձել հայրենիք: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հուլիսի 7-ին երիտասարդների ելույթներում ՀՀ հավաքական թիմի անդամներ, Գյումրու մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Գոհարիկ Կարապետյանը և Արմեն Սիմոնյանը (խառը զույգեր, անձնական մարզիչ՝ Արմինե Հովսեփյան) մասնակից 33 երկրների շարքում գրավել են 11-րդ տեղը:
Մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի ավագ մարզիչ Շուշանիկ Հարությունյանի կարծիքով` այս դժվար հաղթահարելի մրցաձևում մեր զույգի գրանցած արդյունքը բավական լուրջ մարզական ձեռքբերում է: