10/07/2014 13:40
Վարչապետի ճանապարհը որևէ գյուղում չի փակվել. Տիգրան Աբրահամյան
Շիրակի մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կատարած այցի ու այլ մանրամասների շուրջ Aysor.am-ը զրուցեց Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանի հետ:
-Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` վարչապետի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ, գյուղացիները փակել են Հովիկ Աբրահամյանի ճանապարհը՝ հորդորելով լսել իրենց բողոքները, ո՞րն է գյուղացիների դժգոհության պատճառը:
-Մամուլում շրջանառվող լուրերը՝ «վարչապետի ճանապարհը փակելու» մասին, որևէ առնչություն չունեն իրականության հետ, վարչապետի ճանապարհը որևէ գյուղում չի փակվել: Եվ հետո, ինչո՞ւ պետք է գյուղացիները փակեին ճանապարհը, եթե վարչապետը գնացել էր այդ համայնքներ` տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին: Ավելին, վարչապետը ի սկզբանե ծրագրել էր այցելել կարկուտի հետևանքով տուժած դաշտեր, իսկ այս պարագայում՝ նույնիսկ անտրամաբանական է խոսել «ճանապարհներ փակելու» մասին:
-Ի՞նչ քայլեր է նախատեսել կառավարությունը՝ մեղմելու կարկուտից տուժած գյուղացիների վնասները:
-Վարչապետի՝ կարկուտի հետևանքով տուժած գյուղեր այցելելու հիմնական նպատակներից էր տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին: Հայտնի է, որ կարկուտից անմիջապես հետո, օպերատիվ կարգով, նշված գյուղեր էին գործուղվել գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանի մասնագիտական խմբերը, որոնք նախնական ուսումնասիրություններ էին կատարել: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին` սեղմ ժամկետներում իրականացնել գույքագրում, ինչից հետո հնարավոր կլինի քննարկել կարկուտի հետևանքով տուժած գյուղացիներին օժանդակություն հատկացնելու հարցը:
-Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է միանա սույն թվականի հուլիսի 3-ին, սակայն համաձայնագիր չստորագրելու հարցը վարչապետը պայմանավորեց նախագահների հանդիպման չկայացմամբ:
-Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումն, իսկապես, չկայացավ, ինչի մասին լրագրողների հետ զրույցում խոսել է երկրի վարչապետը, այս մասով ավելացնելու ոչինչ չունեմ:
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան վարչապետի՝ Սոչի կատարելիք այցից, արդյո՞ք դա պայմանավորված է ինտեգրացիոն գործընթացներով:
-Սա երկրի վարչապետի՝ այս պաշտոնում առաջին այցն է Ռուսաստանի Դաշնություն, և այն պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Իսկ մանրամասների մասին կառավարության լրատվական ծառայությունը պատշաճ կերպով կիրազեկի Սոչիում նախատեսված հանդիպումներից հետո: