11/07/2014 14:23
Դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն. Անրի Ռենո
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն հայտնեն հանդիպել նախագահների մակարդակով, Ֆրանսիան իր կողմից առաջարկած անհրաժեշտ միջոցները կձեռնարկի: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ավելացնելով, որ նախագահների հանդիպման համար անհրաժեշտ են նպաստավոր պայմաններ:
Անրի Ռենոն հիշեցրեց, որ մայիսի 12-13-ին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ պետք է արագացնել կարգավորման գործընթացը, որի վերջնական նպատակը խնդրի լուծումն է:
«Նախագահը կոչ է արել հակամարտող կողմերին այնպիսի տեսակետ ներկայացնել, որը հնարավորություն կտա վերջապես համաձայնության հասնել: Հենց այս համատեքստում նախագահը հանդիպում կազմակերպելու ցանկություն-միտք էր արտահայտել»,- ասաց դեսպանը` ավելացնելով, որ այդ հայտարարությունն արվել է՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է. «Նախագահի գաղափարը աջակցություն է գտել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների կողմից»:
Պատասխանելով հարցին, թե շփման գծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի պարագայում հնարավո՞ր է նպաստավոր պայմաններ ստեղծել, դեսպանը պատասխանեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որոնց մեջ ներառված է երեք կետ, այդ թվում՝ ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից: Նա նկատեց, որ հենց այդ պատճառով էլ երկու կողմին էլ հորդորվում է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, հարգել մադրիդյան այդ սկզբունքը:
Հարցին, թե ինչո՞ւ հստակ չի նշվում այն կողմը, որը խախտում է հրադադարի ռեժիմը և մի՞թե դրա արդյունքում հրադադարի խախտման դեպքերն ավելի պարբերական չեն դառնում, Անրի Ռենոն պատասխանեց, որ դիվանագիությունը իրականացնելու համար կան հստակ կանոններ:
«Հենց այս սահմանված կանոնները պահպանելով է, որ քաղաքական բարձրաստիճան այրերն արտահայտում են իրենց կարծիքը: Կան խաղի կանոններ, որոնք ընդունված են բոլոր երկրների կողմից, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի: Հասկանում եմ ձեր հարցը, բայց դիվանագիտության որդեգրած կանոնները մամուլի կանոնները չեն»:
Մեկ այլ հարցի, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշո՞ւմն է, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող «գրավյալ տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, ինչպես ասել էր ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմ Ուորլիքը, Ա. Ռենոն ասաց.
«Ցանկացած բանակցային գործընթաց բեղմնավոր լինելու համար, նախնական շրջանում պետք է պահպանվի գաղտնիությունը: Ես որպես Ֆրանսիայի դեսպան, ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանում տալու այդ հարցին: Սակայն ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի այլընտրանքային լուծում, քան խաղաղ ճանապարհը»: