.jpg)
Ոնց որ բոլորը հոլովակ թողարկեն, որ հարսանիքներին փող աշխատեն. Գոռ Սուջյան
«Դորիանս» ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանն այժմ աշխատում է մի քանի նոր երգերի վրա, որոնք աշնանը կներկայացվեն հանդիսատեսի դատին: Իսկ հուլիսի 24-ին էլ խումբը երևանյան ակումբներից մեկում հանդես կգա համերգով: Life.panorama.am-ը երգչի հետ զրուցել է արդի հայ երգարվեստից, Հայաստանում ռոքի զարգացման տենդենցներից և այլ հետաքրքիր թեմաներից:
-Հայաստանում ռոքի զարգացման տենդենցներն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես չեմ սիրում առանձնացնել ռոքը, ջազը և մնացած ուղղությունները. կարևորն այն է, որ Հայաստանում զարգանա որակյալ երաժշտությունը: Իսկ դա տեղի ունենում է, գուցե, ընթացքում նաև անկում է գրանցվում. դա բնական երևույթ է:

-Հայաստանն իր մատուցած ռոքով որքանո՞վ է մրցունակ աշխարհում:
-Մենք մրցունակ ենք, օրինակ, շախմատով, բռնցքամարտով, իսկ երաժշտությամբ մրցունակ լինել պետք չէ, պարզապես հարկավոր է լավ երաժշտություն մատուցել: Մենք ունենք լավ երաժիշտներ՝ Սերգեյ Խաչատրյան, Տիգրան Համասյան, «Բամբիռ», որոնցով հպարտանում ենք:
-Կա՞ն նոր երգեր, որոնց վրա այժմ աշխատում եք:
-Այո, աշնանը դրանք կներկայացվեն հանրությանը:
-Իսկ համերգով հանդես գալու ծրագիր ունե՞ք:
-Այո, հուլիսի 24-ին «Դորիանս» խմբով կներկայանանք երևանյան ակումբներից մեկում:

-Արդի հայկական երգարվեստին հետևելով՝ ի՞նչ տպավորություններ եք ունենում:
-Հայկական հեռուստաալիքների գործունեությանը չեմ հետևում, հիմնականում արտասահմանյան հաղորդումներ եմ դիտում: Մեր շոուբիզնեսին հետևելով՝ մի քանի տեսահոլովակներ տեսա, տպավորությունն այնպիսին էր, որ դրանք նույնական են. ոնց որ բոլորը տեսահոլովակ թողարկեն, որ հարսանիքներին լավ փող աշխատեն:
-Դուք ի՞նչ կփոխեիք մեր երգարվեստի ոլորտում:
-Ինչ-որ բան դեպի լավը փոխելու համար պետք չէ ցածրացնել կողքինին, հարկավոր է գործ անել, ոչ թե խոսել:
-«Դորիանսը» միջազգային ասպարեզում հայտնվելու տեսլական ունի՞:
-Բոլորս էլ կարող ենք ինչ-որ տեղ ունենալ աշխարհում: Դա կախված է շատ աշխատելուց: Մեզ մոտ հիմնականում մտածում են, որ դրսում մարդիկ ավելի տաղանդավոր են, բայց դա այդպես չէ:
-Հետևու՞մ եք մեր երկրում, քաղաքում կատարվող իրադարձություններին:
-Այդ իրադարձությունները կախված են նաև քաղաքացիներից, եթե ամեն մեկս մեզ վրա աշխատենք, շատ բան, գուցե, փոխվի:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: