.jpg)
«Սերժ Սարգսյանի քայլը տակտիկական էր. Գնդակը բռնեց ու հետ շպրտեց»
Թեև Էրդողանի նախընտրական ծրագրում հատուկ Հայոց ցեղասպանության մասին որևէ խոսք չկա, բայց ապրիլի 23-ին նա հանդես եկավ հայտարարությամբ, որը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն էր հնչում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ հավելելով, որ Էրդողանը թեև արտաբերեց Մեծ Եղեռն արտահայտությունը, այնուամենայնիվ դա կարելի է առաջընթաց համարել:
«Այդ հայտարարությունը թերևս Թուրքիայի պատմության մեջ առաջինն էր, որտեղ պետական պաշտոնյան հիշատակում էր համայն հայությանը»,- նշեց թուրագետը:
Նա նկատեց նաև, որ ընդհանուր առմամբ թեև Թուրքիայի նախագահի թեկնածուների ծրագրերում առանձնակի չի խոսվում Հայոց ցեղասպանության մասին, բայց օրերս իր նախընտրական ծրագրի ժամանակ ուշագրավ մի հայտարարություն է արել նրանցից մեկը՝ քրդական ծագում ունեցող Էքմելեդին Իսանօղլուն, ով անդրադարձել է նաև Էրդողանի հայտարարությանը:
«Նա հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության խնդիրը լուծելու համար Էրդողանի վշտակցությունը միայն բավարար չէ: Առանց «ցեղասպանություն» բառն արտասանելու՝ նա ասաց, որ Հայկական հարցում անհրաժեշտ է ընդառաջ նոր քայլեր ձեռնարկել»,- մանրամասնեց Չաքրյանը: Թուրքագետը դժվարացավ ասել, թե Էրդողանն այս հայտարարությամբ ինչ նկատի ունի, սակայն ընդգծեց, որ եթե առաջ Թուրքիայի նման պետության համար այդպիսի հայտարարությունները մեծ հարված էին, ապա այսօր դա կարելի է առաջընթաց համարել:
«Քրդերը թեև թուրքերին մեղադրում են Ցեղասպանության մեջ, բայց երբ խոսքը գնում է Հայոց ցեղասպանության մասին, իրենք իրենց մասնակցության մասին մոռանում են: Նրանք նույնպես տառապում են հանցագործի հոգեբանությամբ»,- նկատեց թուրաքգետը՝ նշելով, որ Ցեղասպանության տարիներին հենց քուրդ մոլաներն էին թուրքերին հորդորում սպանել հայերին: Նրանք էին, որ հայտարարում էին՝ դրախտում հայտնվելու համար անհրաժեշտ է առնվազն 3 կամ 7 հայ սպանել: Իսկ թուրքերը ոչ միայն դրախտ էին ուզում գնալ, այլև ուզում էին հարստանալ:
Չաքրյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի համար դարձել է գլխացավանք: Այսինքն՝ դանակն արդեն հասել է ոսկորին: Նրա խոսքով՝ Թուրքիան ուզում է մի կերպ լուծել այս խնդիրը:
«Ամեն անգամ թուրք պետական գործիչները արտասահման գործուղվելուց հետո եթե չեն ասում ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, ապա հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ ասում են, որ Թուրքիան պետք է իր պատմության հետ առերեսվի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն սպառել է թուրքական ժխտողական քաղաքականության դիրքերը, այլև Թուրքիային կանգներցրել է փաստի առաջ, ինչը Թուրքիայի արտաքին քաղաքականության համար դարձել է խոչընդոտ»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա թուրքագետը համոզված է, որ այս առումով որևէ նոր փոփոխություն առաջիկայում չի սպասվում: Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքականությունը, սկսած 91 թվականից չի փոխվել առ այսօր:
«Այդքան կառավարություն փոխվեց, նախագահներ փոխվեցին, սակայն քաղաքական գիծը այդպես էլ չփոխվեց. նախապայմանները մնացել են նույնը: Չեմ կարծում, թե սահմանը կբացվի: Խնդիրը այստեղ ոչ թե սահմանի բացումն է, այլ միջպետական դիվանագիտության հարաբերությունների հաստատումը, որն այդպես էլ չի հաջողվում: Եթե այդ հարաբերությունները հաստատվեն, ապա սահմանը կբացվի, եթե ոչ՝ ոչ»,-ասաց նա:
Նա ընդգծեց, որ Թուրքիայի միակ հակահայկական քայլը, որ մինչ օրս չի իրագործվել, դա ռազմական գործողությունների ներխուժումն է, իսկ դրա համար Թուրքիան ներուժ չունի:
«Նա պարզապես ի վիճակի չէ, քանի որ գիտակցում է՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Թուրքիան Հայոց ցեղապանության, ինչպես նաև ԼՂՀ խնդիրը համարում է ներքին խնդիր: Իսկ այդ պարագայում Հայաստանի նկատմամբ իրականացնում է պետական քաղաքականություն: Իսկ կառավարությունները պետական քաղաքականության վրա չեն կարողանում ազդել: Եթե անգամ Էրդողանը ցանկանա էլ, չի կարող այն փոխել: Տեղաշարժի կամ առաջընթացի համար անհրաժեշտ է, որ Թուրքիան վերանայի Հայաստանի հանդեպ իր վարած քաղաքականությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սարգսյանի հրավերին, թուրագետը համոզմունք հայտնեց, որ այդ քայլով Նախագահը Թուրքիային պատասխան հարված հասցրեց:
«Այդ հայտարարությունը որևէ արձագանք ստանալ չի կարող: Այդ հրավերը ուղարկվեց այն ժամանակ, երբ արդեն որոշված էր նախագահական ընտրությունները: Դա Նախագահ Սարգսյանի կողմից պարզապես տակտիկական քայլ էր, որն ուղղված էր Էրդողանին, ով հայտարարել էր, թե գնդակը հայերի դաշտում է: Սերժ Սարգսյանն այդ քայլով նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց. այսինքն՝ գնդակը բռնեց ու հետ շպրտեց»,-ասաց նա: