11/07/2014 14:15
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողված է. Թուրքագետ
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլով հաղթող կճանաչվի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը, ում համոզմամբ՝ Էրդողանը Թուրքիայի ազատականացման միջոցով ու տնտեսական աճով ուզում է հասնել այդ հաղթանակին:
Անդրադառնալով Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին, թուրագետը նկատեց, որ դեռ նախկինում Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի ու Դավութօղլու որդեգրել էր հարևան երկրներին զրոյացնելու քաղաքականությունը:
«Հիմա Թուրքիան այդ առումով ունի զրո հարևան: Բոլոր հարևանների հետ այդ երկիրն ունի խնդիրներ: Դեսպաններ չունի Սիրիայում, Իսրայելում և Եգիպտոսում, որի դեսպանին վտարել էին»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարելի է ասել, որ արդեն ձախողված է: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը՝ ապա ըստ նրա, մի առվով չեն հոսում նաև ներքին քաղաքական հարաբերությունները:
«Ներքին քաղաքական խնդիրների մեջ թերևս ամենասուր խնդիրը քրդական հարցն է: Վերջին շրջանում՝ պետական քաղաքական գործիչները՝ ի դեմս Էրդողանի, Քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլա Օջալանի հետ խնդիրներ ունեն: Նա առաջ է քաշել քրդական հարցի հետ կապված մի նախաձեռնություն, որի բովանդակությունը դեռևս հայտնի չէ»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ այս հարցի հետ կապված առայժմ ոչինչ չեն խոսում ո՛չ քրդերը, ո՛չ էլ առավելևս՝ թուրքերը:
«Այս նախաձեռնության համար Թուրքիայում խիստ քննադատում են Էրդողանին, սակայն այդ քննադատության հետ միաժամանակ՝ նախընտրական շրջանում նրան վստահում է ձայների մեծամասնության շուրջ 51 տոկոսը»,- նկատեց թուրքագետը՝ ընդգծելով, որ այսօր թեև Էրդողանը ներքաղաքական կուսակցությունների հետ ունի լուրջ տարաձայնություններ, սակայն հաղթող հավանական թեկնածուն շարունակում է մնալ հենց ինքը՝ վարչապետը:
«Էրդողանի գլխավոր քննադատը Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդն է: Հետաքրքրականն այն է, որ քննադատելով հանդերձ՝ այս կուսակցությունը առաջադրեց Էքմելեդին Իսանօղլուին, որը ոչ պակաս իսլամական հայացքներ ունի, քան Էրդողանը»,- նշեց Չաքրյանը, մանրամասնելով, որ այս թեկնածուն ծնունդով Եգիպտոսցի է, վերջին տասնամյակում ղեկավարել է Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, ով իր հաղթանակի հույսը դրել է Գեյզի շարժման ակտիվիստների վրա:
Վերադանալով ընտրական ծրագրերին՝ թուրքագետը նկատեց, որ նախընտրական ծրագիր իրականում գոյություն չունի:
«Նախընտրական ծրագիր չունի ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ մյուս երկու թեկնածուները՝ Էքմելեդին Իսանօղլուն, Սելահաթդին Դեմքրդաշը: Բոլորը գրեթե նույնն են կրկնում: Իսանօղլուն թեև դեմ չէ քրդական հարցին՝ նրանց կընդառաջի, կմոտենա կրոնական ու էթնիկ բոլոր խմբավորումներին, բայց նրա հաղթանակը հավանական չէ: Այս թեկնածուն Էրդողանից տարբերվում է նրանով, որ նա կողմ է խորհրդարանական համակարգին, մինչդեռ Էրդողանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում Թուրքիան կանցնի նախագահական համակարգի: Այս թեկնածուն ավելի բարեկիրթ ու զուսպ է քան Էրդողանը»,-ասաց Չաքրյանը՝ հավելելով, որ թեև Իսանօղլուին սիրում են Թուրքիայում, բայց նա թույլ թեկնածու է:
«Ընտրարշավում նա չի կարող Էրդողանի դեմ պայքարել: Էրդողանը նրան երկրորդ փուլում նոկաուտ կանի: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին՝ նա նույնպես քուրդ քաղաքական գործիչ է: Նրա հաղթելու հավանականությունը նույնպես քիչ է: Թուրքերը նրան ձայն չեն տա»,-ընդգծեց թուրքագետը: