.jpg)
Թել-Ավիվը, անտեսելով միջազգային արձագանքը, չեզոքացնելու է «ՀԱՄԱՍ»-ը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողությունները ուժեղացնելու մասին:
Նեթանյահուն նշել է, որ «ՀԱՄԱՍ»-ը շատ թանկ գին կվճարի՝ Իսրայելի տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու համար:
Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Իսրայելական իշխանությունները «ՀԱՄԱՍ»-ի կողմից հրթիռակոծությունները չդադարեցնելու պարագայում սպառնում են ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում: Այս պահի դրությամբ Իսրալի ԶՈւ-ը զրահատեխնիկա է տեղակայել Գազայի հետ սահմանին, ինչպես նաև կառավարությունը 40.000 պահեստազորայինների հավաք է կազմակերպել:
Միջազգային արձագանքը իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր փուլին նույնպես բավականին ակտիվ է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում դատապարտել է Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը և առաջարկել է ԱՄՆ-ի աջակցությունը՝ «ՀԱՄԱՍ»-ի հետ հակամարտության կարգավորման հարցում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պանի Գի Մունը նույնպես դատապարտել է Իսրայելի տարածքի վրա հարձակումները և կոչ է արել իսրայելական կողմին զսպվածություն ցուցաբերել: Պան Գի Մունը իր մտահոգությունն է հայտնել Գազայում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի աճի վերաբերյալ:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը հայտարարել է, որ յուրաքանչյուր 5 րոպեն մեկ Գազայի հատվածից դեպի Իսրայել մեկ հրթիռ է թռչում: Նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ի տրամադրության տակ առկա է առնվազն 10.000 հրթիռ:
Իսրայելցի ռազմական փորձագետների կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ը կարող է իսրայելական ԶՈւ-րի դեմ դուրս բերել առնվազն 4.000-5.000 լավ պատրաստված բանակ, ինչը հաշվի առնելով Գազայի փոքր տարածքը և խիտ բնակեցվածությունը մեծ վտանգ է ներկայացնելու Իսրայելի ԶՈւ-րի համար, հատկապես ցամաքային գործողության դիմելու պարագայում:
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը գնահատելով իրավիճակը նշել է, որ իրենց նպատակն է զրոյացնել «ՀԱՄԱՍ»-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները: Նա նշել է, որ գործողությունը բավականին բարդ է և նրա ընթացքում կիրառվելու է Իսրայելի ռազմաօդային ուժերի ամբողջ ներուժը:
Տեղեկություններ կան, որ Իսրայելի հյուսիսը հրթիռակոծվել է նաև Լիբանանի հարավից, որը վերահսկում է «Հզբոլահ» կազմակերպությունը: Լիբանանի հարավից արձակված հրթիռները ընկել են անապատում և ոչ մի վնաս չեն պատճառել: Իսրայելը դրան ի պատասխան հրետակոծել է Լիբանանի հարավը: 2006թ.-ի Իսրայելի և «Հզբոլահի» միջև հրադադարից հետո խմբավորումը չէր խախտում հրադադարի ռեժիմը:
Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև այս օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունները կարող են նորից ապակայունացնել առանց այդ էլ հակամարտություններով հարուստ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Իսրայելը որպես կանոն միշտ շատ կոշտ է արձագանքում իր տարածքի հրետակոծություններին և Իսրայելի անվտանգության ու հրեական պետության գոյության խնդրի պարագայում ռազմական գործողությունների է դիմում առանց վարանելու:
Այդպես էր, երբ Լիբանանի հարավը վերահսկող «Հզբոլահը» հրետակոծում էր Իսրայելի հյուսիսը, Թել-Ավիվը կտրուկ գործողությունների դիմեց և ներխուժելով Լիբանանի հարավ մաքրեց այն «Հզբոլահի» մարտիկներից՝ լիբանանա-իսրայելական սահմանին ստեղծելով յուրօրինակ անվտանգության գոտի: Այդ պատերազմը, որն անվանում են նաև Երկրորդ լիբանանյան պատերազմ ավարտվում է 2006թ.-ին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հիման վրա:
Իսրայելի հյուսիսի այսօրվա հրթիռակոծությունը կարող է Իսրայելի համար երկրորդ ճակատ բացել՝ Լիբանանում ի դեմս լավ զինված իրանամետ «Հզբոլահ» շարժման: «Հզբոլահը» համերաշխություն հայտնելով իսլամիստական «ՀԱՄԱՍ» խմբավորման և պաղեստինյան ժողովրդի պայքարին կարող է միանալ «ՀԱՄԱՍ»-ի հրթիռակոծություններին և Գազայի վրա իսրայելական հարվածները մեղմելու ու Իսրայելի ԶՈւ-րի ուշադրությունը շեղելու համար 2-րդ ճակատ բացի լիբանանա-իսրայելական սահմանին:
«ՀԱՄԱՍ»-ի գործողությունները և դրան ի պատասխան Իսրայելի կոշտ հակահարվածները, որի ընթացքում քաղաքացիական բնակչություն է զոհվում, կարող է հակաիսրայելական նոր տրամադրություններ առաջացնել մահմեդական, արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքի, այդ թվում Սիրիայի և Իրաքի իսլամիստներին համախմբի Իսրայելի դեմ՝ մահմեդական համարեշխության դրոշի ներքո: