Զիկո. «Սկոլարին պետք է հեռանա»
11/07/2014 20:09

Զիկո. «Սկոլարին պետք է հեռանա»

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զիկոն ենթադրում է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից:

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Սկոլարիին ու Պարեյրային, սակայն այնուհետև պետք է ընտրենք այլ մարզիչների, ովքեր նոր մտքեր ունեն: Ինձ թվում է` օպտիմալ տարբերակը Ռամալյոյի նշանակումն է: Նա Բրազիլիայի առաջնության լավագույն մարզիչներից մեկն է:

Ներկայիս հավաքականի մարտավարությունը բազմազան չէր: Թիմն այդպես էլ կենտրոնացած մնաց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում տոնած հաջողության վրա: Պահպանվեց նույն խաղաոճն ու կազմը: Մինչդեռ յուրաքանչյուր մրցակից մեկ տարի ժամանակ ուներ` բրազիլացիների խաղաոճն ուսումնասիրելու համար:

Եթե նայենք Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմին, ակնհայտ կդառնա, որ ոչ մի ֆուտբոլիստ իր ակումբում առանցքային խաղացող չէ: Նայեք Նեյմարին` Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստին: Անցած մրցաշրջանում որքա՞ն հաճախ է նա պահեստայինների նստարանին նստել: Ֆրեդը, Մարսելոն, Հալկը հետևողական ելույթներ չունեցան: Նույնիսկ Դավիդ Լուիսին ու Օսկարին չի կարելի միանշանակ «Չելսիի» հիմնական կազմի խաղացող համարել:

Խոսեպ Գվարդիոլան միշտ ասում է, որ իր ոճը ձևավորելիս ոգևորվել է Բրազիլիայի հավաքականով, իսկ մենք այդ ոճը չունենք: Կրուիֆն էլ է ասում, որ մենք բրազիլական ֆուտբոլ չենք ցուցադրում: Նույնպիսի հայտարարություն է կատարել նաև Մոուրինյոն` շեշտելով, որ մենք չգիտենք, թե ինչպես օգտագործենք բրազիլացի ֆուտբոլիստների ներուժը: Չեմ հասկանում, թե ինչու չպետք է լսենք ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներին»,- Զիկոյի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:

Զիկո. «Սկոլարին պետք է հեռանա»