12/07/2014 11:44
Փաստաբան. Աշոտ Սուքիասյանը հիմա էլ պնդում է, որ իր մեղադրանքը անհիմն է
Գործարար Աշոտ Սուքիասյանը այժմ էլ պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում ինքը չի ցանկանում խոսել մանրամասներից, քանի որ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետքին» ուղարկված 5 էջանոց նամակը Աշոտ Սուքիասյանն ավարտել էր այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Հարցին՝ եթե կեղծիքի նպատակ չուներ, ինչո՞ւ էր կեղծում Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները և նրանց անունով բաժնեմասեր գնում, Յ. Խաչատրյանը պատասխանեց. «Ինքը միշտ էլ ընդունել է, որ դա արել է իր բիզնեսը պաշտպանելու համար, սակայն իրեն խարդախության համար մեղադրանք է առաջադրված, ինչը ինքը չի ընդունում: Մենք սպասում ենք, որ գործը մտնի դատարան և նման խոսակցություններին փաստերով պատասխանենք»:
Փաստաբանը ասաց, որ դեռևս առերեսումներ չեն արվել, որովհետև չեն ավարտվել բոլոր հարցաքննությունները, որից հետո, դրանցում հակասությունների դեպքում, առերեսումներ կարվեն:
Յ. Խաչատրյանը նաև ասաց, որ իրենք Ա. Սուքիասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն դեռևս չեն ներկայացրել, քանի որ դա անիմաստ են համարում այս փուլում: «Միևնույն է, մերժվելու է»,- ասաց նա:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանքի է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Նախորդող հրապարակում՝ Ա. Սուքիասյան. Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով