Վանաձորում հարսը մեղադրվում է իր սկսերայրին քացախաթթվով թունավորելու մեջ
12/07/2014 15:07

Վանաձորում հարսը մեղադրվում է իր սկսերայրին քացախաթթվով թունավորելու մեջ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կարճել է սկեսրայրի թունավորման մեջ մեղադրվող հարսի դեմ հարուցված քրեական գործը՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Գայանե Ստեփանյանին (անունը փոխված է) առաջադրված մեղադրանքի՝ նա Վանաձոր քաղաքում շուրջ 30 տարի բնակվելով սկեսրայրի հետ և հաստատապես իմանալով, որ վերջինս համ ու հոտ չի զգում, ջուր է խմում բնակարանի սառնարանում դրված «Նոյ» ապրանքանիշի շշերից, 2013 թվականի սեպտեմբերի վերջին` պահածոներ պատրաստելու ժամանակ, քացախաթթվի շիշը ջարդելու հետևանքով, քացախաթթուն լցնելով «Նոյ» ապրանքանիշի ջրի շշի մեջ, դրել է սառնարան, չնախատեսելով իր գործողության հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չնայած պարտավոր էր և կարող էր նախատեսել, որ սկեսրայրը համ ու հոտ չզգալով հնարավոր է ջրով լի շշի փոխարեն սառնարանից վերցնել ջրով լցված շշից արտաքինից ոչնչով չտարբերվող քացախաթթվի լցված շիշը և խմել այն, որի արդյունքում 2013թվականի հոկտեմբերի 24-ին սկեսրայրը քացախաթթվով լցված շիշը շփոթելով ջրի հետ` վերցրել և խմել է շշի պարունակության մի մասը և մահացել` օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից, որն առաջացել է մարսողական ճանապարհով քացախաթթվի ներմուծման հետևանքով:

Մինչ դատաքննությունը սկսելը մեղադրող-դատախազ` Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Պ.Մարտիրոսյանը հայտնել է, որ հրաժարվում է մեղադրանքից, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 74 հոդվածը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածը:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է դիմում, որով հայտնել է, որ ամբաստանյալ Գ. Ստեփանյանը և վկաները մի ընտանիքի անդամներ են: Պահանջում է, որ գործը կարճվի, Գայանեից ոչ մի պահանջ չունի: Առողջական վիճակից ելնելով մեկնելու է ՌԴ և չի կարող ներկայանալ դատական նիստին: Խնդրել է կատարել իր պահանջը և գործի վարույթը կարճել:

Ամբաստանյալ Գայանե Ստեփանյանը դիմում է ներկայացրել, որով հայտնել է, որ իրեն մեղավոր չի ճանաչել, հանցագործություն չի կատարել, սակայն մարդկայնորեն խորապես ափսոսում է տեղի ունեցածի համար: Կատարվածը իրենց ընտանիքի համար մեծ դժբախտություն էր, որի համար բոլորը ցավում են: Գործով առնչվող անդամները մի ընտանիքի անդամներ են: Խնդրել է գործի վարույթը կարճել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն` մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին։ Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է։
 

Վանաձորում հարսը մեղադրվում է իր սկսերայրին քացախաթթվով թունավորելու մեջ