12/07/2014 15:18
Հյուսիսային պողոտան Երևանը նորից դարձրեց անապատ. Կ. Դանիելյան
Երևան քաղաքի ամառային և ձմեռային խնդիրները մեկը մյուսին նման են. Քաղաքային իշխանություններն ինչ-որ բան անում են ամառվա շոգից կանաչ տարածքները պահպանելու համար, բայց դա դանդաղ է և թույլ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան:
Մասնագետը նկատեց, որ թեև քաղաքում կանաչ տարածքների պահպանման, Կենտրոնում նոր տարածքներ հիմնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն շատ տեղեր կան, որոնք անմխիթար են:
«Մեզ մոտ կանաչ բույսը չի հասկացվում որպես կենդանի. այն կարելի է առնել, տնկել, փոխարինել: Հոգատարություն չկա բույսի նկատմամբ»,- ասաց Գ. Օգանեզովան:
Ասուլիսին մասնակից «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն իր հերթին ասաց, որ Երևանի կենտրոնի «էլիտար» կառուցապատումը հանգեցնում է աղտոտման և գերտաքացման:
Ջերմաստիճանը կենտրոնում, նրա խոսքով, փոքր-ինչ ավելի բարձր է, քան` ծայրամասերում, իսկ պատճառները խիտ կառուցապատումը, ջերմաստիճանի ցիրկուլյացիայի խախտումները և ջերմային արտանետումներն են. «Սրան զուգահեռ կրճատվում են կանաչ գոտիները, որոնք առանց այն էլ քիչ են»:
Շարունակելով խոսքը` Կ. Դանիելյանն ասաց, որ մենք չենք հասկանում էկոլոգիայի հանդեպ մեր գործողությունների հետևանքները:
«Մենք չենք հասկանում, որ այս տարածքը կիսաանապատ է: Այն ժամանակ, որ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես այս մասին բարձրաձայնեցի, իսկ հիմա մարդիկ կան, որ զարմանում են` քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են: Ու որպեսզի մարդիկ կարողանան այստեղ ապրել, օձեր ու կարիճներ չլինեն, պետք է ֆաունան շատ լինի, իսկ Հյուսիսային պողոտան և նման կառուցապատումները Երևանին նորից դարձրին անապատ»,- ասաց Կ.Դանիելյանը: