Բնապահպանության նախարարը այցելել է «Արփի» ազգային պարկ
14/07/2014 20:00

Բնապահպանության նախարարը այցելել է «Արփի» ազգային պարկ

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:

Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար: Անդրադառնալով ծրագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ գյուղացիների մոտ առկա մտահոգություններին՝ նախարարը նշել է. «WWF հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները դեռևս ավարտված չեն, առաջիկայում վերակառուցվելու են ծրագրով նախատեսված 11 գյուղերի ջրագծերը, ստեղծվելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնը: Ազգային պարկն ունի որոշակի գործառույթներով ձեռնարկատիրական իրավունքներ և իր գործունեությամբ նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքային բյուջեների ավելացմանը»:

Նախարարը հանդիպել է նաև «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ազգային պարկի տնօրենը ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, նշել, որ ազգային պարկի աշխատակիցները տարածքի պահպանությունը կատարում են պատշաճ կերպով, իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ հարակից համայնքների բնակչության և սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ, որպեսզի վերջիններս զգոն և հոգատար լինեն պահպանվող տարածքների նկատմամբ: Ստեղծվում են տարածքի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ, հանգստի գոտիներ, հատուկ ձկնորսական տարածքներ, տեղադրվում են արգելող տեղեկատվական նշաններ:

Բնապահպանության նախարարը այցելել է «Արփի» ազգային պարկ