.jpg)
«Միայն Հայաստանում են ճահճացումն ու անապատացումը կողք կողքի»
Աշխարհում չի արձանագրվել այնպիսի մի վայր, որտեղ կողք կողքի լինեն և ճահճացման և անապատացման երևույթներ, որպիսին կա Արարատյան դաշտում, որը ձկնաբուծարանների շահագործման արդյունք է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հողագետ Աշոտ Խոյեցյանը:
Մասնագետի համար անընդունելի է, որ 81 տոկոս անապատացման ենթակա տարածքում, հատկապես Արարատյան դաշտավայրում, որտեղ առավել սուր են անապատացման երևույթները, ձկնաբուծարաններ են գործում, նաև շեշտեց, որ կրճատվել է Արարատյան դաշտավայրի ստորգետնյա արտեզյան ավազանը:
Նա այստեղ տեսնում է ջրերի ոչ ճիշտ կառավարման խնդիր, երբ մեծաքանակ քաղցրահամ ջուր` դուրս է հոսում Հայաստանի տարածքից:
Նշենք, որ ձկնաբուծարանների օգտագործված ջուրը` տարբեր հաշվարկներով, մեկ մլրդ խմ-ից ավելի, հոսում է դեպի Արաքս: Ինչ վերաբերում է Արտեզյան ավազանին, ապա ըստ մասնագետների, ձկնաբուծարանների ինտենսիվ շահագործման արդյունքում այն կրճատվել է 3 անգամ:
Արարատյան դաշտում նման իրավիճակը մասնագետը պայմանավորում է ոչ թե բնական պրոցեսներով, այլ մարդու գործունեությամբ: Հայաստանում և ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող անապատացման երևույթները` հողերի դեգրադացիան, էրոզիան, կլիմայի փոփոխությունը նաև մարդու գործունեության արդյունք են:
Արարատյան դաշտում արդեն երկրորդային աղակալումը` մարդու գործոնով պայմանավորված, գերազանցում է հողերի առաջին աղակալմանը, որը բնական պրոցեսների արդյունք է: Հողերի սխալ սեփականաշնորհման ընթացքում հազարավոր մանր տնտեսություններ ձևավորվեցին, որոնք իրենց առանձին խորքային հորատումը կատարեցին, որի հետևանքով բարձրացավ գրունտային ջրերի մակարդակը և ընթացավ և ընթանում է հողերի երկորդային աղակալում:
Հայաստանում անապատացման երևույթներ արձանագրվել են բոլոր մարզերում, իսկ գյուղատնտեսությունը դարձել է ռիսկային:
«ՀՀ-ի տարածքների կեսից ավելին անօգտագործելի են, հողօգտագործելի տարածքի զգալի մասը լուրջ պրոբլեմներ ու խնդիրներ ունի: Անհրաժեշտ է էկոլոգիական հենքի վրա բնօգտագործման և բնապահպանություն ներդաշնակեցում»,- ասաց Աշոտ Խոյեցյանը: