Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին
14/07/2014 20:44

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Հյուրերի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Պարոն Դեյվիսն իր հերթին ներկայացրել է բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարական այն հիմնական ուղղությունները, որոնք նպատակ ունեն ընդլայնել ֆինանսական հատվածի զարգացումն ու հասանելիությունը, ագրոբիզնեսի և բարձր շահութաբերություն ունեցող, ինչպես նաև իր արտադրանքի արտահանմանը ձգտող արդյունաբերական ընկերությունների զարգացումը:

ՎԶԵԲ-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացրեց նաև բանկի լոնդոնյան գրասենյակի ագրոբիզնեսի թիմի ղեկավար տիկին Վիկտորիա Զինչուկը, որի ներկայացմամբ 2011 թվականից իրականացվում է սննդամթերքի անվտանգության կարողությունների կատարելագործման նախաձեռնությունը, որի նպատակը պետական և մասնավոր հատվածների մերձեցումն է և այդ ճանապարհով ներդրումների ավելացումը: Համագործակցությունը, ըստ նրա, իրագործվում է ինչպես դոնորների դրամաշնորհների, այնպես էլ բանկի կողմից տրամադրված վարկերի միջոցով:

Բանկը խրախուսում է նաև արտադրական տարբեր բնույթի միավորումների (կաթի, մսի, հացահատիկի )ստեղծումը գյուղատնտեսության ոլորտում:
 

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին