Արսեն Խոջոյանի մոտ մաշկային հիվանդություն է հայտնաբերվել
15/07/2014 11:55

Արսեն Խոջոյանի մոտ մաշկային հիվանդություն է հայտնաբերվել

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ սեռավարակներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հրազդանի» բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետների մասնակցությամբ Արսենին բուժզննության ենթարկելուց հետո վերցվել էր արյան նմուշ` պարզելու` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՞ ոչ:

Հերթական հետազոտության արդյունքում սեռավարակներ չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է մաշկային հիվանդություն` փսորիաս:

ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժնի ղեկավար Տիգրան Գևորգյանի խոսքով, մաշկային այս հիվանդությունը վարակիչ չէ, զարգանում է սթրեսի, նյութափոխանակության խանգարման, մի շարք այլ պատճառներով, պայմանավորված է լինում նաև արտաքին ազդեցությամբ: Արսեն Խոջոյանին նշանակվել է դեղորայքային բուժում: Ըստ անհրաժեշտության` Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիաղբյուր գյուղից է: Նա ադրբեջանական կողմում էր հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով՝ այս տարվա մարտի 7-ին:

Նախորդող հրապարակում՝ Արսեն Խոջոյանը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն՝ հետազոտվելու

Արսեն Խոջոյանի մոտ մաշկային հիվանդություն է հայտնաբերվել