Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան մեկնարկել է
15/07/2014 17:47

Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան մեկնարկել է

Մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, Հայաստանի և ԼՂՀ-ի 14-18 տարեկան 72 դպրոցականներ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և մանկավարժներին` օլիմպիադային նրանց նախապատրաստելու համար:

«Արժանանալով օլիմպիադայի մասնակցի կոչմանը` դուք արդեն հաղթող եք, քանի որ հնարավորություն ունեք հայրենիքի այս գողտրիկ անկյունում զգալ ձեզ հայ, հասկանալ, որ պետության ուշադրության կենտրոնում եք, և ունեք ձեզ նման մտածող, կենսուրախ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց միավորում է հայ լինելու պարտավորեցնող, միաժամանակ դժվար առաքելությունը»,-նշել է նախարարը:

Մասնակիցներն առաջարկել են հաջորդ օլիմպիադան անցկացնել ԼՂՀ-ում, ինչպես նաև ընդլայնել օլիմպիադայի առարկաների ցանկը` այնտեղ ներգրավելով Քիմիա և Կենսաբանություն առարկաները:

Նշենք, որ Համահայկական 2-րդ օլիմպիադան անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա և Հայաստանի աշխարհագրություն առարկաներից: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել միայն մեկ կամ երեք առարկաներից մրցույթներին:

Բնագիտական օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար նախատեսված են. I կարգ` 6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ` 6 հատ դիպլոմներ և մրցանակներ:

Բացի հիմնական մրցույթներից` օլիմպիադայի ծրագրում նախատեսված են բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ և այցելություն Բյուրականի աստղադիտարան:

Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան մեկնարկել է