.jpg)
«Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդես
Այս տարվա հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ը ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդես «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014» խորագրով: Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:
Բիենալեի նպատակն է` Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետների ներուժի, գիտական և ստեղծագործական մտքի համախմբումը, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում միջազգային համագործակցության խթանումը, հայ ճարտարապետական ժառանգության հանրահռչակումը, մասնագիտական ուսուցման բարելավումն ու միջազգային համագործակցության դաշտում մրցունակության բարձրացումը:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի սեպտեմբերի 6-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` սեպտեմբերի 15-ը:
Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի և Սփյուռքի հայազգի ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցներ, հեղինակային խմբեր, ինչպես նաև ճարտարապետական ԲՈՒՀ-երի ուսանողներ:
Մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում (www.mud.am) կամ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում (բիենալեի հանձնակատար` Ա. Գրիգորյան):