.jpg)
Էրդողանը Թուրքիայի շուրջ ձևավորում է մահմեդականների պաշտպանի իմիջը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվելու:
Էրդողանը այդ հայտարարությունը հնչեցրել է Յոզգաթ քաղաքում նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կայացած ցույցի ընթացքում:
Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին և դրանք լինելու են Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները: Մինչ այդ, Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը:
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման է Պաղեստինի ապաշրջափակումը, ինչի տեղի չի ունեցել:
Էրդողանից բացի Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններին է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նա նշել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածին ուղղված օդային հարվածները և չպետք է դիմի ցամաքային գործողությունների: Գյուլը կոչ է արել պահպանել 2012թ.-ի հրադադարը:
Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Թուրքիայի քաղաքական ղեկավարության այդպիսի կոշտ արձագանքը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին բացատրվում է Անկարայի՝ Մերձավոր Արևելքում իրականացվող արտաքին քաղաքականությամբ, որը նպատակ ունի արաբական, մահմեդական աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան հանդես է գալիս իսլամական համերաշխության դրոշի ներքո և հակաիսրայելական դիրքերից հանդես գալով փորձում է դառնալ Մերձավոր Արևելքի մահմեդականների շահերի պաշտպանը:
Անկարայի այդ քաղաքականությունը տեղավորվում է նաև տարիներ շարունակ առաջ մղվող նեոօսմանական արտաքին քաղաքականության շրջանակներում, որի նպատակն է վերագտնել Թուրքիայի ազդեցությունը Օսմանյան կայսրության նախկին հատվածներում, մասնավորապես Մերձավոր Արևելքում: Դրանով է բացատրվում նաև Անկարայի ակտիվ մասնակցությունը սիրիական ճգնաժամին՝ սունի ծայրահեղականներին և սիրիական ընդդիմությանը աջակցելու և Ասադի տապալմանը հասնելու քաղաքականությամբ:
Չմոռանանք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները 2010թ.-ին կտրուկ վատթարացել էին կրկին պաղեստինյան հարցի, մասնավորապես Գազայի հատվածի շրջափակման պատճառով: Թուրքական «Mavi Marmara» նավը 2010թ.-ին փորձեց ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը և հումանիտար օգնություն հասցներ Գազային, սակայն իսրայելական հատուկ ջոկատայինները դա թույլ չեն տվել, իսկ հատուկ գործողության ժամանակ զոհվել էին Թուրքիայի քաղաքացիներ:
Էրդողանի հայտարարությունը՝ կապված Գազայի հետ, արտաքին քաղաքական նպատակներից բացի որոշ առումով հետապնդում է նաև ներքաղաքական նպատակներ, քանի որ Թուրքիայի վարչապետը այս պահին գտնվում է նախընտրական քարոզարշավի մեջ և փորձում է հակաիսրայելական կոչերով ու Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության կոչեր հնչեցնելով շահել թուրք ազգայնական շրջանակների համակրանքը՝ օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: Էրդողանը այդ հայտարարությամբ փորձում է տեղավորվել թուրք ազգայնականի և իսլամական աշխարհի շահերի պաշտպանի՝ տարիներ շարունակ կառուցվող իմիջի շրջանակներում: