.jpg)
Գևորգ Կոստանյանը վստահ է, որ բոլոր հարցերը նախաքննության ընթացքում կպարզվեն
«Դա ԼՂՀ տարածքն է և ՀՀ իրավապահ մարմինները չունեն որևէ իրավասություն, ինչքանով ես տեղյակ եմ` արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ, և ձերբակալված անձինք կան»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է ՀՀ գլխավոր դատախազությունը ձեռնարկելու Հայաստանում հայտնված դիվերսանտների վերաբերյալ:
Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ դիվերսանտներից մեկը տարիներ շարունակ ՀՀ-ում առևտրով է զբաղվել, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարը, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում. «Կարծում եմ, որ այդ բոլոր հարցերի պատասխանները ԼՂՀ-ում իրականացվող նախաքննության ընթացքում վստահաբար կպարզվեն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանին կհաջողվի՞ ՀՀ-ում ձերբակալված անձանց որպես ռազմագերի ներկայացնել, Կոստանյանն արձագանքեց այսպես.
«Եթե չեմ սխալվում, ԼՂՀ-ն դեռեւս 2001 թվականին վավերացրել է պատերազմի չորս կոնվենցիաները. վստահ եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել՝ որն է գերի, որն է ռազմական հանցագործ, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի»,- եզրափակեց նա: