«ՕԵԿ-ը իր հույսը դրել է քաղաքացիական շարժումների վրա»
15/07/2014 18:02

«ՕԵԿ-ը իր հույսը դրել է քաղաքացիական շարժումների վրա»

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հուլիսի18-ին կայանալիք ՕԵԿ-ի նախաձեռնած հանրահավաքին չեն մասնակցի: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շարժման անդամ Վաղինակ Շուշանյանը, ում համոզմամբ ՕԵԿ-ը հերթական նախընտրական խաղն է խաղում:

«ՕԵԿ-ն այլևս հանրության վստահությունը չի վայելում: ՕԵԿ-ը իր հույսը դրել է քաղաքացիական շարժումների վրա, սակայն այդ ուժին այլևս ոչ ոք չի հավատում: Մենք ունենք նախնական պայմանավորվածություն, որ նախաձեռնության և ոչ մի անդամ այդ հավաքին չի մասնակցելու: Եվ ես դա ասում եմ ոչ միայն իմ, այլև նախաձեռնության մյուս անդամների անունից»,- ասաց նա՝ շարունակելով, որ ՕԵԿ-ը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր երկակի խաղ է խաղում:

«ՕԵԿ-ն այն ուժն է, որ մի օր որոշում է կոալիցիայի մաս կազմել, մի օր էլ՝ ընդդիմություն դառնալ: Մենք քամելյոններին չենք հավատում: Կարծում եմ, որ սա ՕԵԿ-ի հերթական PR ակցիան է, որով ուզում է հայտ ներկայացնել 2018-ի նախագահական ընտրություններին»,- ասաց Շուշանյանը:

Նախաձեռնության անդամը վստահ է, որ հանրահավաքին չեն մասնակցի իր թիմակիցները, նույնքան էլ համոզված է, որ այդ հավաքին չեն լինի նաև մյուս քաղաքացիական նախաձեռնությունները:

«Արթուր Բաղդասարյանն իր այս քայլով փորձում է իր կողմը գրավել քաղաքացիական նախաձեռնություններին, բայց ես վստահ եմ, որ նրան դա չի հաջողվի»,- ասաց նա:

ՕԵԿ-ը իբրև քաղաքական ուժ վստահություն չի ներշանչում նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ևս նշեց, որ այս քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես մտադիր չէ մասնակցել հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքին:

«Կոնկրետ ինձ համար ՕԵԿ-ն այն ուժը չէ, որին կարելի է վստահել կամ հավատալ: Մենք շատ լավ գիտենք, թե ՕԵԿ-ը որտեղ էր, ինչով էր զբաղվում և ինչ նպատակներ է հետապնդում: Ես չեմ հավատում, որ այդ քաղաքական ուժը մտահոգված է երկրի ճակատագրով: Եթե այդ ուժի մոտ ինչ-որ բան ստացվի, ես միայն ուրախ կլինեմ դրա համար: ՕԵԿ-ը արդեն ձախողված քաղաքական ուժ է, որն իր քաղաքական թիմով ինձ համար քաղաքական դաշտի ամենաանվստահելիներից մեկն է, որը չի տարբերվում ՀՀԿ-ից»,-ասաց Դավիթը:

Դիտարկմանը, թե վստա՞հ եք, որ նախաձեռնության մյուս անդամները չեն մասնակցի հանրահավաքին՝ Դավիթը նշեց, որ ինքը որևէ քաղաքացու անունից վստահություն չի կարող հայտնել, սակայն վստահ է մի բանում. իր թիմակիցներն ու մտերիմ ընկերները չեն մասնակցի այդ հավաքին:

«Մենք՝ որպես նախաձեռնություն չենք մասնակցելու: Եթե թիմից ինչ-որ մեկը մասնակցի շարժման անունից, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի: Իբրև անհատ քաղաքացի յուրաքանչյուրն էլ կարող է մասնակցել՝ դա նրա իրավունքն է և մենք չեն կարող դա արգելել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել: Նկատենք, որ կոալիցիայից դուրս գալուց հետո, սա կուսակցության առաջին հանրահավաքն է:

Նախորդող հրապարակում՝ ՕԵԿ-ը հուլիսի 18-ին հրավիրում է համազգային հանրահավաք
 

«ՕԵԿ-ը իր հույսը դրել է քաղաքացիական շարժումների վրա»