.jpg)
Մյասնիկյանում խմելու ջուր և՛ կա, և՛ չկա
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչները բողոքում էին համայնքի խմելու ջրի որակից: Aysor.am-ի հետ զրույցում մյասնիկյանցի Հրայրն ասաց, որ ընդհանրապես խմել չի լինում խողովակներով հոսող ջուրը: Նաև ավելացրեց, որ 2010 թ-ից խորքային հորեր նե հորատել և համայնքին խմելու ջուր տվել, որը սակայն խմել հնարավոր չի:
«Հիմա մենք տարրաներով ջուր ենք առնում, որ խմենք, տարրան 300 դրամ, էս ջուրը խմելու ենթակա չի, ընդերքից մտնում ա Աշտարակ, հետո բաժանում են բնակիչներին, եթե մի կում անես հետ տալդ կգա»,- ասաց բնակիչը:
«Խորքային ջուր է, կոշտ է, մարդիկ սովոր էին քաղցրահամ Թալինի ջրին»,- Aysor.am-ին ասաց Մյասնիկյանի համայնքապետ Անդրանիկ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ 2010 թ-ից հետո համայնքը 24-ժամյա ջրամատակարարարում ունի:
Նա խոստովանեց, որ ինքն էլ երբեմն խմում «կոշտ ջուրը», սակայն, հիմնականում, զուլալ ջուր են գնում:
Համայնքապետն անդրադարձավ նաև համայնքի այլ խնդիրներին, նշեց, որ գյուղում բնակվում է 4500 մարդ, արտագաղթ գրեթե չկա, մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, աշխատում են Էդուարդո Էռնեկյանի խաղողի այգիներում, գյուղի հարևանությամբ գործում է «Հավիցա» թռչնաբուծական ֆերման: Այնպես որ, զբաղվածությանը հարցը քիչ թե շատ լուծված է:
Ըստ համայնքապետի՝ տարեցտարի բնակչության աճ է գրանցվում, տարեկան ծնվում է մոտ 85-90 երեխա, գրանցվում է մոտ 25 մահ:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա նշեց, որ գարնանային ցրտահարություններից և կարկուտից վնասվել են համայքնի այգետարածքները՝ 100 տոկոսով. Միրգ գրեթե չունեն: Որպես փոխհատուցում՝ ստացել են և հողի, և ջրի վարձերի կրճատում, նաև սերմեր. «Ճիշտ է քիչ էր, բայց ստացել ենք»:
Անդրանիկ Պետրոսյանը խոսեց նաև հարևան համայքնում տարածված ճրագախոտ մոլախոտից, կարծում է, որ շուտով այդ մոլախոտը կհայտնվի նաև Մյասնիկյանում, պետք է պայքարել բույսը ոչնչացնելով, իսկ հաջորդ տարի բուժանյութեր օգտագործել: