.jpg)
ԱՆ. Նախարարությունը կփորձի զսպել դեղերի թանկացումը
Հայաստանի առողջապահության նախարարությունը մշակում է մեխանիզմներ, որոնք կզսպեն Հայաստանում դեղերի թանկացումն այն բանից հետո, երբ ուժի մեջ կմտնի դեղերի դրոշմապիտակավորման մասին որոշումը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նշելով, որ նախարարությունը մտահոգված է այդ հարցով և փորձում է լուծումներ գտնել: Նա վստահեցրեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայումս քննարկման փուլում է, նպատակ ունի վերահսկելի դարձնել ոլորտը:
«Սակայն պետք է ամեն ինչ անել, որ պահպանվի նաև մատչելիությունը քաղաքացիենրի համար: Թեև դրանում կա հակասություն, քանի որ որքան վերահսկելի է ոլորտը, այնքան դժվարանում է գնագոյացումը, սակայն մեր ջանքերն այսօր ուղղված են նրան, որ դեղերի գները չբարձրանան և հատուկ մեխանիզմներ լինեն, որոնք կզսպեն գնաճը»,- ասաց Մուրադյանը: Նրա խոսքով` դեղերի դրոշմապիտակավորման համար տեխնիկական խնդիրներ կան` կապված ժամկետների տեսանելիության և պիտակավորման ժամանակ ջերմաստիճանի պահպանման հետ, որոնց համար նախարարությունը լուծումներ է մշակում:
Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է դեղերը պիտկավորվեն, եթե Հայաստանում այդ շուկան թափանցիկ է, Արմեն Մուրադյանը նշեց. «Թույլ տվեք չհամաձայնեմ, որ դեղերի շուկան ամենականոնակարգվածը և թափանցիկն է: Մենք մտահոգված ենք դեղերի պահպանման և դրանց ժամկետների հարցով: Տեխնիկական հարցերի շուրջ մենք ավելի առարկայական կխոսենք, երբ մեզ մոտ պատրաստ կլինի այդ ընթացակարգը, թե ինչպես պետք է իրականացնել պիտակավորումը»: