Հասարակության հետ մենք դեռևս ունենք խնդիր. Համարձակ ծնողները քիչ են
18/07/2014 17:40

Հասարակության հետ մենք դեռևս ունենք խնդիր. Համարձակ ծնողները քիչ են

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ներառական կրթությունը շատ կարևոր ծրագիր է, որի անհրաժեշտությունը մեծ է նաև Հայաստանում: «ԿԳ նախարարության կողմից ներառական կրթությունը արդեն պաշտոնապես ընդունվել է: Այն կայացավ «Հույսի կամուրջ», ԿԳ նախարարություն և Երևանի 27 դպրոց եռակողմ համագործակցության շնորհիվ՝ 2001 թվականից»,- ասաց Բաշխյանը՝ նկատելով, որ այս ընթացքում թեև մի շարք քայլեր են ձեռնարկվել, բայց անելինքերն այս ոլորտում դեռևս շատ են:

«Հասարակության հետ մենք դեռևս ունենք խնդիր: Մեր հասարակությունը պետք է հավատա, վստահի և բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի այն կայանա: Թեև ինքս գոհ եմ, բայց դեռ անելիքները շատ են: Այս արշավը գալիս է օգնելու, լրացնելու և պատրաստելու մեր հասարակությանը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ԱԺ-ում է այսօր գտնվում է կրթության մասին օրենքը, որի նպատակն է Հայաստանում հայտարարել համընդհանուր կրթության մասին:

Ըստ Բախշյանի՝ ներառական կրթության գաղափարախոսությունը միայն կրթություն չէ: Նրա խոսքով՝ կազմակերպիչները նպատակ ունեն կրթության միջոցով հասարակությանը դարձնեն ավելի հանդուրժող: «Յուրաքանչյուրն, ով մի քիչ տարբերվում է մյուսներից, հասարակության մեջ պետք է ընկալվի, որ նա Աստծո տված պարգև է: Այդ բոլոր էթիկետները, կամաց-կամաց պետք է սպառվի, որպեսզի հասարակության մեջ մարդն իրեն լիարժեք զգա»,- ընդգծեց նա:

Այս համատեքստում Բախշյանը նկատեց, որ կարծես թե ամեն ինչ միակողմանի է իրականացվում: Նա նշեց, որ այսօր ներառական կրթության համար պակասում է, ոչ միայն հասրակության, այլև ուսուցիչների մեծ մասի վերաբերմունքը: Բախշյանը համոզված է, որ այսօր կան ուսուցիչներ, ովքեր հաշմանդամություն ունեցող երեխաների հետ վախենում են աշխատել: Նրա կարծիքով՝ ներառական ուսուցումն ապահովելու համար ուսուցիչենրն առնվազն 2 տարի այս գծով պետք է սովորեն բակալավրիատում: «Այսօրվա ուսանողը, ով պետք վաղը դառնա նաև ուսուցիչ, պետք է հստակ իմանա, թե ինչ է ներառական կրթությունը: Այսօր ուսուցիչները պարզապես վախենում են աշխատել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Այդ ուսուցիչները նաև կոմպլեքսավորվում են, քանի որ չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն այդ երեխաների հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծնողներին՝ ապա Բախշյանն համոզված է, որ այստեղ ևս անելիքները շատ են: Նա մանրամասնեց, որ նախկինում էլ, երբ հայտարարվել է ներառական ուսուցման մասին, ծնողներից շատերը ցանկություն չեն ունեցել իրենց երեխաներին հատուկ դպրոցից տեղափոխել: Եվ հակառակը՝ եղել են ծնողներ, ովքեր օրենքն ընդունելուց հետո երեխաներին տեղափոխել են հանրակրթական դպրոց: «1999 թվականից երբ օրենքն ուժի մեջ մտավ, ծնողներից մեկը իր երեխային հանեց հատուկ դպրոցից և բերեց Երևանի թիվ 27 դպրոց՝ պնդելով, որ օերնքն արդեն գործում է և ինքն ուզում է, որպեսզի իր երեխան սովորի մյուս երեխաների հետ: Այդ համաձակ քայլը ոգևորիչ է նաև մյուսների համար, բայց այսօր այդպիսի համարձակ ծնողները քիչ են: Այս միջոցառման համար էլ մի ծնողի 20 օր շարունակ համոզում էի, որպեսզի գա ու մասնակցի, բայց չկարողացա: Նա ուզում է իր երեխային տանել մի տեղ, որտեղ իր երեխայի նման շատ երեխաներ կան: Ուզում եմ ասել, որ այս արշավը հիմնականում միտված է դրան: Մենք ուզում ենք, որ բոլոր ծնողները հավատան, որ իրենց երեխան նույնպես կարող է մյուս բոլոր երեխաների նման գրել-կարդալ իմանալ: Մենք դեռևս շատ գործ ունենք անելու, որի ուղղությամբ այսօր էլ աշխատում ենք»,- ասաց նա: