Գազայում պատերազմը կսրի Իսրայելի և արաբական աշխարհի հակասությունները
18/07/2014 20:00

Գազայում պատերազմը կսրի Իսրայելի և արաբական աշխարհի հակասությունները

Իսրայելական զինուժը և զրահատեխնիկան մուտք են գործել Գազայի հատված՝ սկսելով ցամաքային գործողությունը, որի նպատակն է հուժկու հարված հասցնել Գազայի հատվածում տեղակայված «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքներին:

Մինչ այդ, Իսրայելի կառավարությունը թույլատրել էր երկրի զինված ուժերին հավաքագրել 70.000 պահեստազորայիններ, որոնցից 50.000-ը օգտագործվելու են Գազայի հատվածում այսօր սկսված ցամաքային գործողության մեջ:

Ցամաքային գործողություն սկսելու հրամանը արձակել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Վերջին անգամ Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև ռազմական ակտիվ գործողությունները տեղի են ունեցել 2008թ.-ին, երբ Իսրայելի կրկին անգամ սկսեց ցամաքային գործողությունը Գազայում: «Литой свинец» կոչվող գործողության ընթացքում իսրայեկան զինուժը մուտք է գործել Գազայի հատված և ոչնչացրել 1166 մարդ, որոնցից 709-ը՝տարբեր խմբավորումների մարտիկներ, իսկ 295-ը՝ կանայք և երեխաներ:

Այդ գործողությունից հետո միջազգային հանրությունը մեղադրեց Իսրայելին գործողության ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում մեծ զոհերի համար: Չնայած որոշակի հաջողություններին, «ՀԱՄԱՍ»-ը 2008թ.-ից հետո էլ շարունակում էր հրետակոծել իսրայելական քաղաքները, սակայն ոչ այն հաճախականությամբ, ինչպես մինչև «Литой свинец» գործողությունը:

Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ը վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակում են միմյանց տարածքների հրթիռակոծությունը՝ Թել Ավիվը պատասխանում է Գազայից Իսրայելի հրթիռակոծություններին կետային օդային հարվածներով՝մինչև ցամաքային գործողության դիմելը:

Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:

Իսրայելցի ռազմական փորձագետների կարծիքով, «ՀԱՄԱՍ»-ը կարող է իսրայելական ԶՈւ-րի դեմ դուրս բերել առնվազն 4.000-5.000 լավ պատրաստված բանակ, ինչը հաշվի առնելով Գազայի փոքր տարածքը և խիտ բնակեցվածությունը մեծ վտանգ է ներկայացնելու Իսրայելի ԶՈւ-րի համար, հատկապես ցամաքային գործողության դիմելու պարագայում:

Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողություններին շատ կոշտ է արձագանքել Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել բռնությունները Գազայի հատվածում, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները չեն կարգավորվելու: Էրդողանից բացի Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններին է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նա նշել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածին ուղղված օդային հարվածները և չպետք է դիմի ցամաքային գործողությունների: Գյուլը կոչ է արել պահպանել 2012թ.-ի հրադադարը:

Թուրքիայի քաղաքական ղեկավարության այդպիսի կոշտ արձագանքը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին բացատրվում է Անկարայի՝  Մերձավոր Արևելքում իրականացվող արտաքին քաղաքականությամբ, որը նպատակ ունի արաբական, մահմեդական աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան հանդես է գալիս իսլամական համերաշխության դրոշի ներքո և հակաիսրայելական դիրքերից հանդես գալով փորձում է դառնալ Մերձավոր Արևելքի մահմեդականների շահերի պաշտպանը:

Այսօր Ստամբուլում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակաիսրայելական ցույցերի՝ բողոքելով Թել Ավիվի Գազային հատվածում իրանացվող ռազմական գործողությունների դեմ: Ցուցարարները իրենց ձեռքերում պարզել էին Իսրայելին քննադատող պաստառներ:

Կարծես թե Թուրքիայի հակաիսրայելական կոշտ դիրքորոշումը Գազայի վերաբերյալ տալիս է իր արդյունքները:

Այսօր երկօրյա այցով Թուրքիայի է ժամանում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ով հանդիպումներ է ունենալու նախագահ Աբդուլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվելու է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Այսպիսով, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Իսրայելի համար ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների պարագայում Թել Ավիվը գործելու է կոշտ ու իր ռազմական ողջ ներուժը օգտագործելով:

Գազայում այսօր սկսված ցամաքային գործողությունը նպատակ ունի ոչնչացնել «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական ենթակառուցվածքները, սակայն ինչպես և 2008թ.-ի գործողության ժամանակ, այս անգամ ևս Իսրայելին չի հաջողվի խուսափել քաղաքացիական շրջանում մեծ զոհերից, քանի որ «ՀԱՄԱՍ» շատ դեպքերում խաղաղ բնակչությանը օգտագործում է որպես կենդանի վահան՝  կրակ է արձակում բնակելի շենքերի, դպրոցների տարածքից, ինչն էլ իր հերթին բերում է մարդկային մեծ զոհերի:

«ՀԱՄԱՍ»-ը, որը իր ռազմական ներուժով չի կարող մրցել Իսրայելի հետ նպատակ ունի խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհերի գնով բորբոքել հակաիսրայելական տրամադրությունները արաբական և մահմեդական ողջ աշխարհում, ինչպես նաև ներգրավել արաբական հարուստ երկրների միլիոնավոր դոլարների հասնող հումանիտար օգնությունը, թե Գազայում բնակչությանը վերահսկելու, թե իր ռազմական ներուժը մեծացնելու համար:

Գազայում տարիներ շարունակ տիրում է սոցիալական ծանր վիճակ(Palestinian Central Bureau of Statistics-ի տվյալներով գործազրկությունը 2011թ.-ին հասել էր 30%-ի) և բնակչության ուշադրությունը շեղելու համար Գազան վերահսկող «ՀԱՄԱՍ»-ը արտաքին վտանգի խաղաքարտն է օգտագործում, հույս ունենալով, որ միջազգային հանրությունը օպերատիվ կարձագանքի և Իսրայելը հետ կքաշի իր զորքերը Գազայից: 

Գազայում պատերազմը կսրի Իսրայելի և արաբական աշխարհի հակասությունները