.jpg)
«Կարող ենք միասին». Մեկնարկեց ներառական կրթության հանրային արշավը
Այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը, որին մասնակցում էին ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաներ, այնպես էլ կրթության նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
«Կարող ենք միասին» կարգախոսի ներքո՝ իրականացվող այս արշավի նպատակն է խթանել ներառման և կրթություն բոլոր երեխաների համար գաղափարների տարածումը Հայաստանում: Արշավը նպատակ ունի նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դարձնել և նրանց դերը կարևորել երկրի զարգացման գործում:
Միջոցառումը, որին մասնակցում էին ավելի քան 200 մարդ, բաց էր բոլորի համար: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան արշավի գործընկեր հանդիսացող կազմակերպությունների՝ «Հույսի Կամուրջ», «Ունիսոն», «Հայկական Կաիտաս», «Երեխայի զարգացման միջազգային կենտրոն», «Հայ մայրեր», «Վորլդ Վիժն», «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» և մի շարք այլ կազմակերպությունների հետ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ով իր խոսքում կարևորեց համայնքային կյանքում հաշմադամություն ունեցող երեխաների ինտեգրումումը: Նրա խոսքով՝ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն այս երեխաների, այլև հայ հասարակության համար: Ջ. Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը հատուկ պետական քաղաքականություն է վարում հաշմանդամության ոլորտում: Նա ընդգծեց, որ իրականացվող բոլոր ծրագրերի մեծ մասը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական խնդիրներին: «Մենք ունենք դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին այսօր էլ բարձրաձայնում ենք: Չնայած այն, որ մեր ծրագրերը քայլ առ քայլ իրականացվում են, այսօր Հայաստանում մատչելի տնտեսություն ապահովելու համար բավականին լուրջ անելիքներ դեռևս ունենք: Այո, երեխան պետք է ստանա օգնություն, նա պետք է կրթություն ստանա ցերեկային կենտրոնում: Այս ծրագրերը մեր նախարարությունը շարունակական է համարում»,- նշեց նա:
Ջ. Բաղդասարյանի խոսքով՝ ներառական կրթության ներդրումը և զարգացումը Հայաստանում խիստ կարևոր է: «2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մրցանակը ներառական կրթությունը զարգացնելու համար բաժին է ընկել Հայաստանին և Կանադային: Ուզում եմ այս ամենի համար շնորհակալություն հայտնել «Հույսի կամուրջ» ՀԿ-ին և ՀՀ ԿԳ նախարարությանը: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր դպրոցների տնօրեններին, ովքեր մեծ ներդրում են ունեցել այս գործում»,- ասաց նա:
Փոխնախարարը նկատեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները որքան շատ են, նույնքան էլ տարբեր են: «Այսօր մենք շեշտը դնելու ենք պահպանված կարողությունների վրա: Պետք է հասկանանք, թե ինչ կարող են անել այս երեխաները: Միայն այս դեպքում մենք կկարողանանք երեխային լիարժեք օգնել: Մեծ աշխատանք պետք է տարվի նաև ծնողների հետ: Այս երեխաներին օգնելու գործում անգնահատելի է նաև ՀԿ-ների և լրատվամիջոցների աշխատանքը, որոնք նույնպես մեծ ներդրում ունեն այս գործում: Ֆիզիկական աջակցությունից բացի, պակաս կարևոր չէ նաև վերաբերմունքի ձրևավորումը: Եթե յուրաքանչյուր քաղաքացի ընդունի, որ պետք է ջերմություն ցուցաբերի, և խտրական վերաբերմունք չցուցաբերի, ապա այս ծրագիրն իր նպատակին անշուշտ կհասնի: Միայն իրազեկված մարդը և հասարակությունը կհաղթահարի այս ամենը»,- ընդգծեց Բաղդասարյանը:
ՄԱԿ-ի մանկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիտ Արենսն էլ իր խոսքում նշեց, որ մարդն իր իրավունքները ձեռք է բերում իր ծննդյան պահից սկսած: «Պետք է համատեղ համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի այս երեխաներին ներառենք մեր հասարակություն, ինչպես նաև խթանենք ներառական կրթությունը Հայաստանուն: Ուզում ենք աջակցել այս երեխաներին ծնողներին, հաղթահարչել ինչպես իրենց ամենօրյա խնդիրները, այնպես էլ բոլոր նախապաշարմունքները, որոնք կան այս հասարակության մեջ: Ուզում ենք օգնել նաև ուսուցիչներին, որպեսզի ծնողների հետ միասին հաղթահարեն բոլոր դժվարությունները և համատեղ լուծումներ գտնեն: Մեկս մյուսին լսելով, մեկս մյուսին աջակցելով կարող ենք օգնել հաղթահարել խտրականության խնդիրը, և նպաստել այս երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ: Մենք ուզում ենք նաև, որ մեր գործընկերների ցանցը ընդլայնվի»,- ասաց նա:
Նշենք, որ բոլոր ելույթ ունեցող անձիք բեմ էին բարձրանում հաշմանդամություն ունեցող երեխայի հետ, ովքեր ևս պատմեցին իրենց մասին ու ներկայացրեցին իրենց երազանքները: Գյումրիից տասնամյա Արտյոմը պատմեց, որ իր երազանքն է ունենալ համակարգիչ և դառնալ ծրագրավորող:
Նկատենք, որ հաջորդ ութ ամիսների ընթացքում ևս այս միջոցառմանը կհաջորդեն նման կարգախոսով այլ միջոցառումներ: