.jpg)
«Նախագահների հանդիպումները ծանրացնում են բանակցային գործընթացը»
Երկու երկրների նախագահների հանդիպումը ոչ մի արդյունք չի տա: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ Իրավական կամայանակության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում նախատեսվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: «Ընդհանուր առմամբ, այսպիսի հանդիպումներն առանձնակի նպաստավոր են լինում, երբ ինչ-որ հարաբերություններ պահպանվում են, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում պահպանվող հարաբերություններ առայժմ չկան»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանը նշեց, որ տարիներ շարունակ նման հանդիպումներ եղել են, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել: «Այդ հանդիպումների ժամանակ շահարկվել են հիմնականում ոչ իրավական հարցեր: Այդ հանդիպումներ չեն խոսում հօգուտ տարածաշրջանային անվտանգության: Ես երբեք չեմ ասել պրոհայկական կամ հակահայկական բառակապակցությունը, սակայն նման հանդիպումնրը վտանգում են իրենց բնույթով, որոնք անշուշտ կադրադառնան բանակցային գործընթացի վրա: Այդպիսի հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվում են մադրիդյան սկզբունքները, որոնք բանակցային գործընթացին ոչինչ չեն տալիս»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հանդիպումներն իրականում ծանրացնում են բանակցային գործընթացը:
Անդրադառնալով Ուրուգվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ Նախագահն անդրադառնում է Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելուն, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ գուցե տարօրինակ թվա, սակայն Սերժ Սարգսյանի համար, հիմնականում, խթան հանդիսացավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի օրերս արված հայտարարությունը: Լարիսա Ալարվեդյանի համոզմամբ՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը անհանգստացնում է ոչ միայն ժողովրդին, այլև իշխանություններին:
Ու թեև նա դեմ է, որ այդ հայտարարությունը հնչի նախագահի մակարդակով, բայց ողջունում է, որ վերջապես այդ հարցը բարձրաձցվեց՝ այն էլ միջազգային հարթակում: «Սա անվտանգության խնդիր է, որի համար իսկապես ժամանակն էր խոսելու: Ես դա, հիմնականում, կապում եմ Անրի Ռենոյի հայտարարության հետ, որտեղ դեսպանը հայտարարում է, թե Ֆրանսիան չէ, որ զենք է վաճառում Ադրբեջանին: Նա շատ պարզ ասաց, որ իրենք չեն վաճառում Ադրբեջանին զենք, քանի որ Ֆրանսիան ընդգրկված է բանակցային գործընթացում և բառացի ընդգծեց, որ Ֆրանսիան չի կարող Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ դա կխանգարի բանակցային գործընթացին»,- մանրամասնեց Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ալավերդյանը համոզված է, որ բանակցային գործընթացում բանակցող լինելը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելը Ռուսաստանի համար որևէ արգելք չի հանդիսանում և Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը բանակցային գործընթացում նետրալություն է պահպանում:
Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ Անրի Ռենոյին պետք է այդ հայտարարության համար շնորհակալություն հայտնել, քանի որ «իր միամիտ հայտարարությամբ՝ դեսպանը պարզություն մտցրեց այդ հարցի մեջ»:
Նախկին օմբուդսմենի կարծիքով՝ Ռուսաստանը նույնպես պետք է քաղաքակիրթ գտնվի և ընդունի, որ ինքը նույնպես բանակցային գործընթացի մասնակից է: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ չպետք է զենք վաճառի: Ռուսաստանը խախտում է ոչ միայն բանակցային գործընթացի կանոները, այլև՝ իրեն չի պահում իբրև ռազմավարական գործընկեր: Նա խախտում է այդ նորմերը»,- եզրափակեց նա:
Նախորդող հրապարակումներ՝ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Հայտարարություն