.jpg)
Քննարկվել են եվրոպական ինտեգրման վերաբերյալ մի շարք հարցեր
Հուլիսի 18-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ միասին նախաձեռնել էր քննարկում հանձնաժողովի, ԵՄ խորհրդատվական խմբի ու Հայաստանում ԵՄ ներկայացուցչության համատեղ աշխատանքի հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, Երիտասարդական խորհրդարանի և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են եվրոպական օրենսդրության մոտարկմանը, կառավարության նկատմամբ վերահսկողությանը և մոնիթորինգին, Եվրոպական միության անդամ երկրների ազգային խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների միջև փորձի փոխանակմանը, ինչպես նաև ներխորհրդարանական ու միջազգային հարաբերությունների գործառույթներին առնչվող հարցեր:
Քննարկմանը վերոնշյալ խնդիրների վերաբերյալ համապարփակ հաշվետվությամբ հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցը և ԵՄ խորհրդատվական խմբի ԵՄ մոտարկման և կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է խնդիրների այն օրակարգը, որոնք կարող են առաջիկայում բազիս հանդիսանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքի համար:
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ քննարկում, որը կվերաբերի Եվրամիության կողմից ՀՀ պետական բյուջեին արված հատկացումների և ծախսերի թափանցիկությանն ու արդյունավետությանը: