.jpg)
Քրիստոնյաները զանգվածային փախուստի են դիմել Իրաքի Մոսուլ քաղաքից
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից վերահսկվող Մոսուլ քաղաքից սկսվել է քրիստոնյա բնակչության զանգվածային փախուստ:
Itar-tass-ի փոխանցմամբ, քրիստոնյաների ընտանիքները տեղափոխվել են Իրաքի հյուսիսում գտնվող Դահուկ և Էրբիլ քաղաքները և պատմության մեջ առաջին անգամ Մոսուլը մնում է առանց իր քրիստոնյա բնակչության:
Մինչ այդ, «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկները առաջարկել են քրիստոնյաներին իսլամ ընդունել կամ լքել քաղաքը:
Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին Իրաքում բնակվում էր 1.8 միլիոն քրիստոնյա, իսկ 2008թ.-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 600.000:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
Իրաքում ժամանակին եղել է բավականին ակտիվ հայկական համայնք: Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ՝այսօր հայերի թիվը հասնում է 13.000-ի:
Գաղութի մեծամասնությունը բնակվում էր մայրաքաղաքում, սակայն մի ստվար հատված ցրված էր երկրով մեկ (Մոսուլ, Բասրա, Քիրքուկ քաղաքներում): Իրանա-իրաքյան և Ծոցի պատերազմների հետևանքով ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով հայկական բազմաթիվ ընտանիքներ լքեցին Իրաքը և բնակություն հաստատեցին Լիբանանում, Հորդանանում, ԱՄՆ-ում և շուրջ 1000 մարդ ապաստան են գտել Հայաստանում: