.jpg)
Վեհափառն ընդունել է սփյուռքահայ ուսուցիչներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացների մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:
Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ տիար Արմեն Անդրեասյանը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի նպատակները և կատարված աշխատանքները` հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը:
Ողջունելով ներկաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է փոխանցել ներկա ուսուցիչներին` հորդորելով առավել նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ և հավատով շարունակելու իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը, հայաշունչ ոգով և մեր հայրերի հավատքով կրթելով հայ մանուկներին ու պատանիներին:
Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ ուսուցիչների մեջ շատ են հատկապես երիտասարդները, որոնց ներկայությունը հույս է ներշնչում վաղվա օրվա հանդեպ։ Անդրադառնալով Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը մասնավորաբար հորդորել է նախանձախնդիր լինել Մայրենի լեզվի պահպանման և տարածման գործում:
«Հայոց լեզվի իմացությունն այն բանալին է, որը բացում է դռները մեր հարուստ հոգեմտավոր ժառանգության և առավելաբար զինում ամենքիս` դիմագրավելու համար բոլոր փորձություններն ու խոչընդոտները»,- նշել է Հայոց Հայրապետը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին:
Հանդիպմանը ներկա են եղել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: