Հայաստանում քթի վիրահատությունները համեմատաբար մատչելի են
19/07/2014 15:40

Հայաստանում քթի վիրահատությունները համեմատաբար մատչելի են

Պլաստիկ վիրաբուժության ոլորտում Հայաստանը փոքր, բայց շատ արագ քայլերով առաջ է գնում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական էսթետիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն:

Նկատենք, որ իտալացի պլաստիկ վիրաբույժն արդեն երրորդ անգամն է, ինչ Հայաստանում է: Նրա խոսքով՝ հայերը սիրում են էսթետիկ վիրահատությունների դիմել: «Հիմնականում դիմում են կոպերի, որովայնի առաջնային պատի և կրծքագեղձի վիրահատությունների հարցով»,- նշեց նա՝ նկատելով, որ արտերկրում մարդիկ այնքան հարուստ են, որ վիրահատությունների ավելի հաճախ են դիմում. «Հայաստանում դա այդպես չէ»,- հավելեց նա:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում էսթետիկ վիրահատության ավելի հաճախ դիմում են կանայք քան տղամարդիկ: «Տղամարդկանց մեծ մասը սկսզբում ավելի համարձակ են գտնվում, բայց երբ գալիս է վիրահատության պահը, սկսում են խուսափել: Պետք է գուրգուրելով համոզես նրանց»,- կեսակատակ-կեսլուրջ ասաց Օդդենինոն՝ շարունակելով, որ նրանց մեծ մասը, հիմնականում, դիմում է քթի պլաստիկ վրահատության խնդրով:

«Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունները թե′ տղամարդկանց, և թե′ կանանց շրջանում առաջին տեղն են զբաղեցնում, բայց ավելի հաճախ քթի վիրահատության համար դիմում են տղամարդիկ: Նրանց մեծ մասը դժվարանում է շնչել, բայց երբ գալիս է վիրահատելու ժամանակը՝ ուզում են նաև մի քիչ շտկումներ անել: Տղամարդկանց շրջանում ավելացել են նաև գինեկոմաստիայի վիրահատությունները»,- նշեց վիրաբույժը:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ պլաստիկ վիրաբույժ «Ավանգարդ Մեդ» ԲԿ հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունները այլ երկրների համեմատությամբ ավելի մատչելի են: «Տարբեր կլինիկաներում, տարբեր գներ են սահմանված, որի արժեքը կազմում է մոտավորապես 400-800 հազար դրամ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դրա հիմնական պատճառը ոչ թե հաճախակի իրականացվող վիրահատություններն, այլ, որ մարդիկ վճարունակ չեն:

Իսկ Օդդենինոն հավելեց, որ Իտալիայում քթի վիրահատությունն արժե 8500 եվրո: 

Հայաստանում քթի վիրահատությունները համեմատաբար մատչելի են