.jpg)
Իրաքում քրիստոնյաներին ստիպում են իսլամ ընդունել կամ գումար վճարել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկները Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել են քրիստոնեական և մահմեդական կրոնական կառույցներ:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Մոսուլում իսլամիստները քրիստոնյաներին առաջարկել են իսլամ ընդունել կամ գումար վճարել, հակառակ պարագայում սպառնացել են մահով:
Մոսուլը համարվում է Իրաքի երկրորդ քաղաքը: Այդտեղ իսլամիստները ոչնչացրել են 1800-ամյա քրիստոնեական եկեղեցի:
Իսլամիստները քրիստոնյաներին ստիպում են վճարել կրոնական հարկ, որը կազմում է ամսեկան 250 դոլար:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
Նրանք սերտորեն համագործակցել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ինչի հետևանքով որոշ ժամանակ նրանց կոչում էին «Իրաքի Ալ-Ղաիդա»: Տարբեր գնահատականներով «Իսլամական պետության» անվանափոխված կազմակերպությունը Սիրիայում ունի մոտ 7.000 մարտիկ, իսկ Իրաքում՝5.000-6.000:
Իրաքի բնակչության մեծամասնություն՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը: