22/07/2014 14:28
Հայաստանը ԵՏՄ-ում այլ պարտավորություն ունի, Ուկրաինան ԵՄ-ում` այլ. Դեսպան
«Տնտեսական ու քաղաքական հարաբերությունների մասով` կարող եմ ասել, որ և՛ Ուկրաինան, և՛ Հայաստանը հետաքրքրված են հարաբերությունների խորացմամբ: Մենք հասկանում ենք հիանալի, որ հիմա Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, Ուկրաինան ստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ու բնականաբար Հայաստանի և Ուկրաինայի միջև կան որոշակի տնտեսական հարաբերություններ և հետաքրքրություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայ-ուկրաինական հարաբերությունների մասին, նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Հայ-ուկրաինական հարաբերությունները, ինչպես ասաց Իվան Կուխտան, զարգանում են տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում:
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը, շարունակեց խոսքը դեսպանը, կազմել է 223 միլիոն դոլար, Ուկրաինան և Հայաստանը հետաքրքրված են երկկողմ ներմուծմամբ ու արտահանմամբ:
«Քանի որ ԵՏՄ տարիֆները փոխվելու են, բնականաբար, մենք պարտավորություն ենք ստանձնել ԵՄ-ի առջև, կարծում եմ, որ սա անհրաժեշտ բանակցությունների առարկա է: Մենք տարեվերջին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ ենք պլանավորում, որի ընթացքում կհստակեցնենք մեր տնտեսական համագործակցության դետալները»,- ասաց Իվան Կուխտան:
Հայաստանը ԵՏՄ-ում, նրա խոսքով, այլ պարտավորություններ է ունենալու, Ուկրաինան ԵՄ-ի առջև` այլ. «Բայց և՛ Ուկրաինան, և՛ Հայաստանը հետաքրքրված են համագործակցության զարգացմամբ»: