Սգացող հոր բաց նամակը` Պուտինին․ «Շնորհակալություն, իմ կյանքը կործանվեց»
22/07/2014 18:10

Սգացող հոր բաց նամակը` Պուտինին․ «Շնորհակալություն, իմ կյանքը կործանվեց»

Հոլանդացի հայրը, ով մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման  հետևանքով կորցրել է իր միակ աղջկան, բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հանս դը Բորսթը նամակում գրել է, թե կյանքի ինչ ծրագրեր ուներ իր 17-ամյա դուստրը՝ Էլսեմիեկը։

Հուսահատ հոր նամակը հայտնվել է համացանցում, որը ստորագրված է այսպես․ «Հանս դը Բորսթ․ Ում կյանքը կործանվեց»։

«Պարոն Պուտին, շատ շնորհակալություն անջատողականների ղեկավարներին՝ իմ միակ սիրելի երեխային՝ Էլսեմիեկին, սպանելու համար։

Էլսեմիեկը հաջորդ տարի հանձնելու էր ավարտական քննություններն այնպես, ինչպես իր ընկերներ Ջուլիան և Մարինան։ Նա շատ լավ էր սովորում դպրոցում։ Այնուհետ նա ցանկանում էր ընդունվել Դելֆթի համալսարան և սովորել ինժեներություն։ Նա անհամբեր սպասում էր այդ օրվան։ Բայց նա հանկարծ էլ չկա։ Նրան սպանեցին օտար երկրում, որտեղ պատերազմ է ընթանում։

Նորից շնորհակալություն,

Հարգանքներով, Էլսեմիեկի հայր՝ Հանս դը Բորսթ, ում կյանքը կործանվեց»։

Էլսեմիեկ դը Բորսթը մեկնում էր Մալայզիա ճանապարհորդության մոր, եղբոր և խորթ հոր հետ։

Հիշեցնենք, որ մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները՝ 298 մարդ, որոնց մեծ մասը Հոլանդիայի քաղաքացիներ էին։ 

Սգացող հոր բաց նամակը` Պուտինին․ «Շնորհակալություն, իմ կյանքը կործանվեց»