Հիվանդ-ազատամարտիկը ոչ մի օգնություն չի ստանում, միայն մեդալներ և պատվոգիր
22/07/2014 20:03

Հիվանդ-ազատամարտիկը ոչ մի օգնություն չի ստանում, միայն մեդալներ և պատվոգիր

Ազատամարտիկ Արմեն Աբրահամյանի ընտանիքը բնակվում է ծանր սոցիալական պայմաններում և՛ նա, և՛ կինը` Քրիստինեն, առողջական խնդիրներ ունեն:

«Ես ոչինչ, մեծ աղջկաս է պետք ստուգում անցնել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց տիկին Քրիստինեն:

Քրիստինեի ամուսինը` Արմեն Աբրահամյանը, ազատամարտի տարիներին 4 անգամ կոնտուզիա է ստացել և այժմ առողջական խնդիրրներ ունի: Ընտանիքը բնակվում է Սիլիկյան թաղամասում` ծանր պայմաններում, ունեն երեք անչափահաս աղջիկ:


 
Քրիստինեն ասաց, որ ամուսինը լավ արհեստավոր է, սակայն երկար չի կարողանում աշխատել, իսկ ինքը նևրոզ ունի, ողնաշարի խնդիրներ, նույնպես չի աշխատում: Վերջերս աշխատանքի վայրում ուշագնաց է եղել, երկու անգամ շտապօգնություն են կանչել, բժիշկներն ասել են, որ նման նևրոզային խնդիրներ ունեցողը չի կարող աշխատել: Նման երևույթները կրկնվում են. «Պատահում է՝ աջ կողքս ձգվում է, ու չեմ կարողանում շարժվել»:

Ընտանիքն այժմ ապրում է երեխաների համար տրվող 32 հազար դրամ նպաստով:



Քրիստինեի հիմնական մտահոգությունը ավագ աղջիկն է` Թագուհին, ով գլխացավեր ունի. «3 տարի առաջ աղջկաս տարել էի ռենտգենի, ասել էին, որ ազատամարտիկի երեխայի համար անվճար է, սակայն 3-րդ մանկական հիվանդանոցում բժշկուհին ռենտգենի համար 40 հազար դրամ ուզեց»:

Քրիստինեն չի կարողացել վճարել, ու դրանից հետո «ո՛չ ռենտգեն են արել, ո՛չ էլ փորձել են»:

«Աշխատում էի փողը իրար վրա բերեմ, որ տանեմ ստուգման, բայց չեմ կարողացել փող հավաքել, հնարավորություններս չի հերիքել»,- ասում է Քրիստինեն:

Իսկ ձեր ամուսնուն՝ որպես ազատամարտիկի, որևէ օգնություն տրամադրո՞ւմ են հարցին, պատասխանեց. «Ոչ մի օգնություն չի ստանում, միայն մեդալներ և պատվոգիր»:

Ամուսինը դժվարությամբ է աշխատում, թեթև աշխատանքներ է փորձում կատարել, որպեսզի ընտանիքը պահի, բայց երկար աշխատել չի կարողանում: Ընտանիքը օգնության կարիք ունի:

Հիվանդ-ազատամարտիկը ոչ մի օգնություն չի ստանում, միայն մեդալներ և պատվոգիր