.jpg)
Ստվերի-լույսի խաղը` ՊԵԿ-ում
ՀՀ Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության կողմից ընթացիկ տարվա հուլիսի 1-ից իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված էլեկտրոնային հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, որոնց արդյունքում ընթացիկ տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել`
«ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1000 հատով` լրացուցիչ 52.4մլն դրամով
«ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 5093 հատով` լրացուցիչ 17.3մլն դրամով
«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 619 հատով` լրացուցիչ 57.0մլն դրամով
«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9մլն դրամով
«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆԱ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 2217 հատով` լրացուցիչ 24.5մլն դրամով
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 1055 հատով` լրացուցիչ 37.3մլն դրամով
«ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 617 հատով` լրացուցիչ 77.0մլն դրամով
«ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ-ի մոտ հարկային հաշիվների քանակն ավելացել է 3575 հատով` լրացուցիչ 116.8մլն դրամով:
Կարող ենք հավելել, որ «Նատալի Ֆարմի» սեփականատիրոջը ներկայացնելու կարիք չկա` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, թեև պետական ռեգիստրում «Նատալի Ֆարմը» գրանցված է հիմնադիր նախագահներ Լևոն և Կարեն Խաչատրյաններ:
«ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ-ն պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին:
«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պատկանում է ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թեև պետռեգսիտրում չկարողացանք գտնել «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկություններ:
Ներկայացվել է նաև 01.07-10.07 2014թ. ընթացքում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը, որտեղ ներառված են` «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ն, որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ն, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ն, «ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» ՍՊԸ-ն, «ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ն, «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն և այլն:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Aysor.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ՊԵԿ-ի կողմից հրապարակված` ստվերից կամաց-կամաց հարկային դաշտում տեղ գրավող ընկերությունների հանդեպ տարվող քաղաքականությունը:
Նախ նա գտնում է, որ պետք է հարկային ճնշումը իջեցնել, ու այդ ընկերությունների համար առավել շահեկան կլինի ստվերից դուրս գալ, ինչը օգտակար կլինի և' բյուջեին, և' ընկերությանը:
Թեև Վ. Սաֆարյանի խոսքով՝ բիզնեսմենի համար առավել ձեռնտու է ստվերում աշխատելը. Ցանկանում են հանգիստ քնել, պետության առջև պարտավորություններ չունենալ, սակայն աշխատելով օրինական դաշտում նախ տնտեսությանն օգուտ կբերեն և զերծ կմնան տնտեսական հանցագործություններից:
«Գործարարները կցանկանային աշխատել մաքուր և ավելի պարզ լինել հասարակության առջև»,- վստահեցրեց տնտեսագետը, հավելելով, որ պետք է վերանայել հարկային քաղաքականությունը ԱԱՀ-ն պակասեցնել, որ ապրանքների գները չաճեն, շահութահարկը նվազեցնել:
Այն գործարարների համար, ովքեր աշխատատեղեր են ստեղծում, ըստ Վ. Սաֆարյանի, պետք է շահութահարկը նվազեցնել, որ շրջանառությունը մեծանա:
Նա տարանջատեց ուղղակի և անուղղակի հարկերը, շեշտելով, որ ՀՀ բյուջեում ուղղակի հարկերը` եկամտահարկ և շահութահարկ, պետք է գրավի 70 տոկոսը, իսկ անուղղակի հարկերը` ակցիզային հարկը, ԱԱՀ-ն և այլն` մնացածը, սակայն անուղղակի հարկերը տարիներ շարունակ կազմում է բյուջեի միջոցների 54- 55 տոկոսը:
«Զարգացած երկրներում բյուջեի ուղղակի հարկերը կազմում է 70-80 տոկոսը»,- վստահեցրեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:
Հարկային դաշտը վերջին ամիսների քիչ փոփոխությունների է ենթարկվել, որը կբերեր հանրությանը հայտնի ընկերություններին ստվերից դուրս գալու ցանկությանը, բայց փաստ է, որ տեղաշարժ կա, մնում է հասկանալ, թե ինչի հաշվին, առավել ևս ինչի համար: Դժվար է հավատալ որոշ գործարարների հայրենի տնտեսության զարգացման նկատմամբ բուռն սիրով են հանկարծակի համակվել. հավանական է, որ գործարարների վրա ազդել է Հովիկ Աբրահամյանի դիտողություններն ու առաջարկները, հավանական է նաև, որ թղթաբանությունը սկսել են քիչ թե շատ թափանցիկ դարձնել. բայց 100 տոկոս անկեղծությունն անհավատալի է: Ի վերջո այս գործընթացները ոչ հարկային դաշտի մեղմացման, և ոչ էլ տնտեսության զարգացման արդյունք են. չէ որ այդ ընկերությունների տեղը ՊԵԿ-ը վաղուց գիտեր, իսկ թե ինչու հիմա, և ինչու այսպես` մնում է ենթադրել: