.jpg)
«ՀԱՄԱՍ». Հրադադար կհաստատվի Գազայի ապաշրջափակումից հետո
«ՀԱՄԱՍ» իսլամիստական խմբավորման առաջնորդ Հալեդ Մաշալը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադար կհաստատվի միայն Գազայի շրջափակումը վերացնելուց հետո:
BBC-ի փոխանցմամբ՝ Մաշալը նշել է, որ բոլորը կոչ են անում իրենց դադարեցնել կրակը և նոր միայն բանակցել իրենց իրավունքների համար, սակայն իրենք դա մերժում են:
Նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ը պահանջում է բացել Ռաֆահ անցագրային կետը և ազատ արձակել խմբավորման՝ բանտում գտնվող մարտիկներին:
Մաշալը կողմ է արտահայտվել մարդասիրական հրադադարի հաստատմանը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ:
Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 609-ի:
Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել է 3720 մարդ: Իսրայելը նախօրեին Գազայի հատվածում խոցել է 187 թիրախ:
Իսրայելական բանակը հարվածներ է ուղղել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական ենթակառուցվածքներին և զենքի պահեստներին: