Մորնինգսթար. Շփման գծում բոլոր ողբերգական կորուստները շատ ցավալի են
25/07/2014 11:39

Մորնինգսթար. Շփման գծում բոլոր ողբերգական կորուստները շատ ցավալի են

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող բոլոր անցանկալի միջադեպերը և ողբերգական կորուստները շատ ցավալի են:

APA գործակալության փոխանցմամբ՝ Մորնինգսթարը նշել է, որ զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերը շատ են անհանգստացնում Մինսկի խմբի համանախահներին, իսկ Քարվաճառում գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է հակամարտության արագ կարգավորման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը՝ Մորնինգսթարը նշել է, որ հույս ունի՝ նոր դեսպանը արագ կնշանակվի:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսը դեսպաններին նշանակում է աստիճանաբար, և դա որևէ կերպ կապված չէ պարոն Ռոբերտ Սեկուտայի կամ Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ադրբեջանում նոր դեսպան նշանակել Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտային, ով պետք է փոխարինի Ռիչարդ Մորնինգսթարին:

2012թ-ից մինչև այս պահը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Ռիչարդ Մորնինգսթարը, ում պաշտոնավորման ժամկետը լրանում է 2014թ.-ի օգոստոսին:

Սեկուտան ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ հարցերով օգնականի առաջին տեղակալն է:

2007-2009թթ.-ին Տոկիոյում և 2003-2007թթ.-ին Բեռլինում Սեկուտան համակարգում էր ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունը տնտեսական հարցերի ողջ շրջանակում:

Պետքարտուղարությունում Սեկուտան պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և համակարգում էր էներգետիկ, առևտրային և տնտեսական հարցերը:

Նշվում է, որ Ռոբերտ Սեկուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է և ունի Գլոբալ մենեթմենթի դպրոցի և Ազգային ռազմական քոլեջի մագիստրոսի կոչում:

Մորնինգսթար. Շփման գծում բոլոր ողբերգական կորուստները շատ ցավալի են